Aravot.am-ն այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից հետաքրքրվեց, թե երկու-երեք տարի առաջ արած հայտարարությունից հետո, նոր վարչապետի, կառավարության օրոք ինչպիսի՞ փոփոխություններ է նկատել կոռուպցիայի դեմ պայքարում, արդյոք այն ինչի մասին խոսել էր` կոռուպցիայի բարձր մակարդակ, մենաշնորհներ եւ այլն, այսօր նահանջ գրանցել են: Դեսպանին հանդիպեցինք Ամերիկյան համալսարանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի հետ 25-ամյա համագործակցության առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:
Պարոն Միլսն ասաց, որ ՀՀ վարչապետը եւ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են գերակա խնդիր եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում. «Միացյալ նահանգների դեսպանությունը, Միջազգային զարգացման գործակալությունը եւ բոլոր նրանք, որոնք Հայաստանի բարեկամներն են աջակցում են այդ նախաձեռնություններին»:
Դեսպանը նաեւ ասաց, որ համագործակցության 25 տարիների ընթացքում իրենց ուշադրության կենտրոնում նաեւ եղել են կոռուպցիայի դեմ ուղղված քայլերը` թափանցիկության, հաշվետվողականության մեծացմանն ուղղված աշխատանքները, կառավարության աշխատանքը, ծառայությունների մատուցումը հասարակությանը եւ նաեւ աշխատանքները` ուղղված ազդեցիկ գործոնների հանդեպ:
«Այս 25 տարիների ընթացքում եղել են դրական տեղաշարժեր, սակայն, դեռեւս, անելիքներ շատ կան, նոր քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ավելի բարձր հաշվետվողականություն, ավելի թափանցիկություն ապահովվի, որպեսզի հավասար խաղի կանոններ լինեն բոլորի համար»:
Հարցին, թե ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից այս 25 տարիների ընթացքում մեկ միլիարդ դոլարի գումար է տրամադրվել Հայաստանին, արդյոք դրանք արդյունավե՞տ են ծախսվել, պարոն դեսպանն ասաց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի խոշոր նվաճումներից մեկը Ամերիկյան համալսարանն է, որն առաջատար կրթօջախ է: Ռիչարդ Միլսը նաեւ ասաց, որ այդ տարիների ընթացքում մեծ փոփոխություններ է նկատել մեր երկրի մի շարք ոլորտներում:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որն իր ելույթում կարեւորելով ԱՄՆ ՄԶԳ-ի`մեր երկրին աջակցություն տրամադրելու հանգամանքն ասաց` ես հուսով եմ, չէ, ավելի ճիշտ վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի:
Դեսպանն ասաց, որ կրկին գումարներ տրամադրվելու են, բայց թե որքան՝ թիվ չհրապարակեց:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ