Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում հոկտեմբերի 14-15-ին կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական եւ թիմային առաջնությունը:
Ջրացատկի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մասնակցության հայտ ներկայացրել է տասը թիմ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից: «Առաջին անգամ հանրապետության առաջնությունում առանձին թիմ կներկայացնի Իջեւանը: Դա հնարավոր եղավ այն բանից հետո, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով եւ աջակցությամբ հիմնանորոգեցինք Իջեւան քաղաքի լքված լողավազանը օժանդակ բոլոր հարմարություններով: Ներկայումս այն հանրապետության հյուսիսային տարածաշրջանի առաջատար մարզահամալիրներից է եւ իջեւանցիների սիրելի հավաքատեղին», – ասաց Հովսեփ Մեսրոպյանը:
Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում: Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետեւ լավագույնները Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ