Նախկինում հայտնել ենք`հոկտեմբերի 5-ին Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել է: Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ: Դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:
Այս պատմությունը նոր զարգացում է ստացել: Բռնաբարության մասին բողոքած ռուս կինը Նոյեմբերյանի տարածաշրջանի`Վրաստանին սահմանակից գյուղերից մեկի բնակիչ տաքսիստի հետ ճանապարհին պայմանավորվել է, որ տաքսիստը կնոջ անունից դիմի բռնաբարության մեջ մեղադրվողի հորը, որպեսզի վերջինս գումար վճարի: Այդ գումարի դիմաց ռուս կինը պետք է քննիչներին դիմում գրեր, որ ինքը բռնաբարության գործով բողոք չունի: Գումարը չափը մի քանի հազար դոլար է:
Մեր տեղեկություններով` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում այսօր՝ հոկտեմբերի 12-ին այդ կապակցությամբ քննություն է կատարվել: Առաջիկայում, ըստ ամենայնի, շորթման հոդվածով քրեական գործ կհարուցվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ