«Անի» հյուրանոցում շարունակվում է եզակի գիտագործնական սեմինարներից մեկը, որում ներգրավված են մեր երկրի, Ճապոնիայի, Վրաստանի, Դանիայի, Շվեդիայի փորձաքննությունների ազգային բյուրոների փորձագետները, քննիչները, բժիշկներն ու գենետիկայի մասնագետները: Քիչ առաջ սեմինարի մասնակիցները հարցախեղդ արեցին Վրաստանի փորձագիտական բյուրոյի ներկայացուցչին՝ Նինո Քոչիաշվիլուն, որը հանդես եկավ ԴՆԹ-տիպավորման փորձը Վրաստանում թեմայով: Մինչ այդ Ճապոնիայի ներկայացուցիչ՝Յու Իչի Գոտոն ներկայացրել էր ԴՆԹ ախտորոշման մոտեցումներն իրենց երկրում:
Նինո Քոչիաշվիլին ասաց, որ իրենց հիմնական «հաճախորդները» քննչական մարմիններն են, ՆԳ եւ պաշտպանության նախարարությունները, ուղղիչ աշխատանքային հիմնարկները: Ըստ մեր հյուրի` վերջին տասը տարիների ընթացքում իրենք ամսեկան 250 նմուշ են մշակում, սա այն դեպքում, երբ իրենց բյուրոյում թվով քսան աշխատակից կա, որից տասնվեցը փորձագետ են, չորսը կենսաբան, բժիշկ: Յոթ աշխատակիցներ դոկտորի աստիճան ունեն:
Անդրադառնալով իրեղեն ապացույցների պահպանման, մշակման, ձեռքբերման խնդիրներին` Նինո Քոչիաշվիլին տեղեկացրեց, որ կուտակում են ազգային ԴՆԹ բազան, սկսած դիահերձումից մինչ սառեցված վիճակում գտնված, կամ փակված գործերից ձեռք բերված: Նա ասաց, որ շարունակ վերապատրաստվում են, սովորում, բազմաթիվ ուղեցույցներ են ստեղծել այս առումով, գործում է թեժ գիծ:
Ըստ նրա` իրավաբան-բժիշկները պարտադիր պետք է իմանան ԴՆԹ-նմուշների հետ աշխատելու մասին, հասկանան ինչ ասել է ախտահանում, եւ թե ինչպես պետք է աշխատեն:
Զեկուցողը ցույց տվեց իրենց լաբորատորիան, Վրաստանի փորձաքննությունների ազգային բյուրոն ունի երկուսը: Ի դեպ, մի գեղեցիկ աշխատակցուհու ցույց տալով` կատակեց մեր հյուրը` ասելով, թե գեղեցկուհին հավանաբար հայ է, քանի որ ազգանունը Մալխասովա է:
Նա անդրադարձավ ԴՆԹ-տվյալների շտեմարանի, թե ինչպես են իրենց փորձագետները ցանկի մեջ հավելում անձը անձի, դեպքի վայրում վերցված նմուշները դեպքի այլ վայրում հայտնաբերվի հետ, ինչը հետաքննիչների համար խիստ կարեւոր է: Վրաստանում կան անհայտ կորածներ, մոտ երկու հազարից ավելի: Վրաց-աբխազական հակամարտության ժամանակ Վրաստանի փորձագիտությունների ազգային բյուրոյի խնդիրը եղել է դիակների նույնականացումը:
Մասնագիտությամբ բժիշկ Նինո Քոչիաշվիլին հիշեց, թե ինչպես են երեք տարի առաջ Աբխազիայի կառավարության հետ բանակցությունների արդյունքում հանել այնտեղից դեպի Սուխումի մեկնած, բայց աղետի հետեւանքով օդանավում ածխացած հարյուր զոհվածների դիակները:
Դիակները ԴՆԹ պրոֆիլակտավորումից հետո վերադարձվեցին: «Ես ծանոթ եմ Հայաստանի իրավիճակին, մենք վերապատրաստել ենք հայերիդ մեր բյուրոյում»,-ասաց նա:
Ի դեպ, հարցերը վերաբերվում էին դատագենետիկական փորձաքննություններին, փորձաքննությունների գներին, տեխնիկական զինանոցին, դեպքի վայրում ապացույցների-նմուշների ձեռքբերմանը, պահպանմանը: Միայն մեկ թիվ` Վրաստանում հայրության ճանաչման գինը 650 դոլարին համարժեք էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ