Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ չեմ հարգի, երբ որ ես նախագահեմ որեւիցե միջոցառում ու մեկը մյուսին քֆուր տա». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 12,2017 18:19

«Մյուս նիստին մենք ինչ-որ ձեւով դրան կանդրադառնանք, անպատասխան չենք թողնի: Թեեւ մեզ չէր վերաբերվում, բայց ի՞նչ կապ ունի, ո՞նց կարելի ավագանու անդամի մասին նման ձեւով արտահայտվել»,- Երեւանի ավագանու երեկվա լարված նիստում հնչած վիրավորանքների հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Ռեխներդ փակեք» արտահայտությունը թույլ տված փոխքաղաքապետ Կամո Արեյանին անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Նա իր խոսքը այնպես սկսեց՝ դրախտի մի կտոր եւ այլն, որ երբ հասավ ռեխներդ փակիրին, արդեն լուրջ չէի վերաբերվում, ծիծաղ էր առաջացնում: Իսկ տարօրինակ անձնավորության անցյալի ժառանգության այդ քթի տակ մրթմրթոցն ուղղակի չենք լսել: Զանգեք մի հատ Տարոն Մարգարյանին, էլի, ես ձեզ խնդրում եմ, մի հատ հարցրեք՝ նորմա՞լ է համարում, որ իր խմբակցության անդամները նման ձեւով են վարվում՝ վիրավորանքներ են հնչեցնում այլ ավագանու անդամների հասցեին եւ իրեն ու Սերժ Սարգսյանին նվիրված ձոն են երգում՝ ամեն առիթն օգտագործելով, ինքն էլ ժպտալով լսում է: Դա ադեկվա՞տ վերաբերմունք է, երբ նստում ու լսում ես ոնց են քո ենթակաները քեզ գովերգում, աբսուրդ բան է, գժվելու բան է, ես գետինը կմտնեի, եթե, ասենք, մեկը նստեր ու սկսեր ինձ գովերգել»:

ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը ասել էր, ամբողջ դահլիճին «Երկիր Ծիրանին» տրամադրում է իրենց դեմ: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հասկանալի է, բայց այնպես չի չէ՞, որ պիտի շուռ գաս ու մեկին ասես բ…: Ես չեմ ընդունում, արդարացնում եւ չեմ համարում ճիշտ նման աշխատելաոճը, բայց դա ինձ իրավունք չի տալիս վիրավորել: Հա, կարող եմ տնքտնքալ, դժգոհություն հայտնել, ծիծաղել անլուրջ ասված գաղափարի հետ կապված, բայց չեմ ասի՝ ձենդ կտրի, այ բ…: Երկու տարբերակ կա՝ կա՛մ Տարոն Մարգարյանը դա ողջունում է եւ խրախուսում է նման գործելաոճը, կամ ինքը չի կարողանում կառավարել այդ խմբակցությունը, իրեն լուրջ չեն վերաբերում եւ չեն լսում, ինքն էլ ներգործելու միջոց չունի, որովհետեւ կախվածության մեջ է իրենցից՝ ձայն են ապահովել, հայաթում փող են բաժանել, հիմա որ վրեքները խոսա, դժվար է լինելու:

Ո՞նց կարելի է, ես ինձ չեմ հարգի, երբ որ ես նախագահեմ որեւիցե միջոցառում ու այդ նախագահության ընթացքում մեկը մյուսին քֆուր տա ու այն էլ՝ Երեւանի 2799 ամյակն ենք քննարկում: Գետինը մտնենք էլի, որ 3000 տարվա պատմություն ունեցող քաղաքի ավագանին այսպիսին է: Դա Զարուհի Փոստանջյանի, իմ խնդիրը չի, դա Տարոն Մարգարյանի խնդիրն է, իր պատկերն է, իր հայելին է, իրեն են ներկայացնում այդ մարդիկ: Ես զարմանում եմ, ամաչում եմ,՝ մարդկանց դո՞ւր է գալիս, որ իրենց այսպես գովում են»:

Ալեն Սիմոնյանին զարմացրել է նաեւ այն, որ Իգիթյանի կողքին նստած ավագանու կին անդամներից մեկը, լսելով Իգիթյանի արտահայտությունը, ծիծաղել է. «Ինձ հետաքրքիր է, եթե մեկը նման բառ իրեն ասի, նույն ձեւ կծիծաղի՞, թե՞ չի ծիծաղի: Ես Իգիթյանի մակարդակի չեմ եւ նման բան ինձ թույլ չեմ տա, իհարկե, բայց ո՞նց է կողքի կինը ծիծաղում մեկ այլ կնոջ վիրավորելու վրա: Կամ մեկ ուրիշ կին էլ ասում է՝ մենք բոլորս գիտենք Տարոն Մարգարյանն ինչպես է ընտրվել: Այո, մենք բոլորս էլ գիտենք՝ ընտրվել է 10 հազար դրամներով, ՍԱՍ-ի Արտակի ձայներով, նախկինում՝ Նեմեց Ռուբոյի օգնությամբ, Թոխմախի Մհերի օգնությամբ, բոլորս էլ գիտենք, նորություն չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031