Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորաշենի» տուժած բնակիչները կեղծ գործարքներ արած պաշտոնյաների անուններ են տալիս. վարչապետը չի արձագանքում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2017 19:30

Այսօր կառավարության շենքի մոտ «Նորաշեն 2007» կոոպերատիվի կառուցած Նորաշեն 37 հասցեում գտնվող շենքի բնակիչները դարձյալ բողոքի ցույց էին անում: Կիսակառույց շենքի բնակիչների գործերը դատարանում է, սակայն, ինչպես բողոքի ցույցի մասնակիցներն Aravot.am-ին վստահեցրին՝ դատարանը գործը վաշխառուների օգտին է տանում: Բնակիչները մեծ գումարներ են վճարել այս շենքի բնակարանները ձեռք բերելու համար, հետո շենքի կառուցապատողները բնակարանները գրավադրել են, իսկ շինարարությունն ավարտին չի հասցվել եւ բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները:

Ցույցի մասնակից Արուս Վանյանն Aravot.am-ին պատմեց, որ վաշխառուները, որոնք իրենց բնակարանների միջոցով կեղծ գործարքներ են արել, անկախ նրանից, որ բնակիչները փաստեր էին ներկայացրել, դատարանում, այսպես ասած՝ մաքրվեցին:

«Հե՛յ պարոններ, վաշխառուներ, տոկոսչիներ, գիտենք՝ դուք եք հանցավորը, չի պատժվում մեղավորը, կբարեփոխվի՞ դատավորը». Այսպիսի գրառմամբ պաստառով էին ցույց անում տուժած բնակիչները:

Ցուցարարներն ասացին, որ իրենց նշած վաշխառուները բարձր պաշտոններ են զբաղեցնում, եւ սա է պատճառը, որ դատարանը նրանց օգտին է որոշում կայացնում:

«Հերմինե Նաղդալյան, Դավիթ Բեգլարյան, Արսեն Ավագյան,Գագիկ Առաքելյան՝ Ազգային անվտանգություն. Պատկերացնո՞ւմ եք ինչ գործակից է այստեղ խաղում: Ազգային անվտանգությունն էլ սատարում է Առաքելյանին՝ իմանալով այդ փաստերը: Վճռի մեջ էդ մարդուն էնպես են մաքրել, որ ցուցմունքները մեր ականջով ենք լսել, քանի-քանի մարդ է ցուցմունք տվել, բոլոր փաստերն ու ցուցմունքները խոսում են իր կեղծ գործարքի մասին, բայց դատարանում դարձավ բարեխիղճ գնորդ»,-ասաց Արուս Վանյանը:

Տուժած բնակիչները 2 շաբաթ առաջ նամակով դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջինս, ինչպես ասացին ցուցարարները, հանձնարարի իր ենթականերին զբաղվել «Նորաշեն 2007» կոոպերատիվի կեղծ գործարքներով եւ բացահայտեն: Սակայն վարչապետը չի արձագանքել բնակիչներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031