34-ամյա Թինա Սահակյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Որոշակի ժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ, այժմ գործազուրկ է: Մասնագիտությանը համապատասխան աշխատանք չգտնելու արդյունքում 2-րդ մասնագիտությունն է ստացել: Այսօր Հայքի հրապարակում կազմակերպված աշխատանքի տոնավաճառից Թինայի ակնկալիքները մեծ են. «Տարրական դասարանի դասվար էի, ուրիշ ուսուցչուհու էի փոխարինում, հիմա էլ չեմ աշխատում: Եվ ընտրեցի այլ մասնագիտություն՝ վարսահարդար եմ: Մի քանի աշխատանք կար, ես այցեքարտ եմ վերցրել, որ դիմեմ: Մարդ պետք է աշխատի տանը չնստի, գումարի չափը կապ չունի, հետագայում կավելանա»:
Ի տարբերություն Թինայի, 68-ամյա Կառլեն պապը, որը երկար ժամանակ արտերկրում է եղել, եւ այժմ վերադարձել է հայրենիք, իրեն համապատասխան աշխատանք չկարողացավ գտնել. «Ապրանքագետ եմ, բայց իմ մասնագիտությամբ գործ չկա: Ընդհանրապես էս երկրում աշխատանք չկա, քանդեցին երկիրը, քանդեցին: Այլ երկրում էի աշխատում, բայց հայրենիքը կանչում էր: Այստեղ էլ աշխատանք չկա: Գոնե 100-120.000 դրամով աշխատանք պետք է գտնես, որ ընտանիքդ պահես: Այստեղ դրանից ավելի աշխատավարձով աշխատանք չես էլ կարող գտնել: Երեւի Երեւան գնանք, գոնե այնտեղ մի բան կգտնենք»:
Աշխատանք փնտրողները գործ չեն կարողանում գտնել, գործատուներն էլ համապատասխան մասնագետ: Վանաձորի պետական բժշկական քոլեջն արդեն 3 տարի է ինչ մի քանի մասնագետի կարիք ունի, սակայն կադրեր այդպես էլ չեն կարողանում գտնել. «Այսօրվա դրությամբ ունենք բժշկի 5 թափուր աշխատատեղ՝ քիթ-կոկորդ-ականջաբան, հոգեբույժ, նյարդաբան, ակնաբույժ, ռեանիմատոլոգ, բայց ոչ մեկը չի դիմում, մասնագետ չենք գտնում»,- ասում է քոլեջի տնօրենի խորհրդական Հենրիկ Զոհրանյանը:
Վանաձորում գործող «Կոկետ» գեղեցկության սրահը եւս ունի թափուր աշխատատեղ: Սրահի տնօրեն Հասմիկ Մանուկյանը հուսով է, որ տոնավաճառի ընթացքում անպայման մասնագետ կգտնեն. «Ունենք վարսահարդարի թափուր տեղ, հույս ունենք, որ մեր ուզած մասնագետին կգտնենք, մի քանի հոգի դեմել են արդեն: Աշխատանքի տոնավաճառը շատ կարեւոր է, քանի որ մենք բոլորին չենք կարող տեղեկացնել, որ թափուր աշխատատեղ ունենք, բայց տոնավաճառի շնորհիվ շատ մարդիկ են տեսնում եւ իմանում»:
Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ: Այն Վանաձորում անց է կացվում թվով 12-րդ անգամ: Այս տարի տոնավաճառին մասնակցում էին 35 գործատուներ տարբեր ոլորտներից, որոնք առաջարկում էին 301 թափուր եւ 60-ից ավելի սպասվող աշխատատեղեր:
-Այսօրվա տոնավաճառի յուրահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մենք որոշեցինք նաեւ մասնագիտական կողմնորոշման խնդիր լուծենք: Հրավիրել ենք Վանաձորում գտնվող բոլոր ուսումնական հաստատություններին, որոնք ներկայացնում են իրենց մասնագիտություններն ու որակավորումները: Այսինքն, բարձր դասարանի աշակերտներին նաեւ հնարավորություն ենք տվել, որպեսզի ծանոթանան ուսումնական հաստատությունների մասնագիտությունների ցանկին, եւ կողմնորոշվեն թե հետագայում ուր են դիմելու եւ ինչի համար,- լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:
Առաքելյանն ասում է, որ նախորդ տարվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է: Նրա խոսքով պատճառները մի քանիսն են. «Եղել է, աշխատանքի են տեղավորվել, եղել է, որ արտագնա աշխատանքի են գնացել: Մենք պարբերաբար աշխատանքներ ենք տանում, եւ այցեր ենք նշանակում, եւ եթե մարդը չի ներկայանում այցին, այդ դեպքում տրամադրված ենք հանել հաշվառումից: Այսինքն, մենք ցանկանում ենք աշխատել ռեալ մարդկանց հետ, այլ ոչ թե ցուցակների»:
Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Վանաձորի աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին եւ պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ մեր երկրում հաշվառված է 88.600 աշխատանք փնտրող, նրանցից 75.000-ը ՝գործազուրկ են: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր խնդիր կա թափուր աշխատատեղերը լրացնելու: Նրա կարծիքով տոնավաճառն աշխատանք գտնելու ամենամատչելի տարբերակներից է. «Աշխատանքի տեղերը մեզ մոտ ամսական տատանվում են 2.000-2.500-ի սահմանում: 1.000-ից ավելի կրկնվող թափուր աշխատատեղեր ունենք, որոնք չեն լրացվում: Պատճառները տարբեր են՝ մասնագիտությունները չեն համապատասխանում, աշխատավարձի ցածր լինելը, աշխատանքային պայմանների անհամապատասխանում, մի քիչ մարդիկ հետ են սովորել աշխատելուն: Շատերը կառչած են ընտանեկան նպաստներից, նախընտրում են ստանալ փոքր նպաստ, քան աշխատել: Խնդիրները բազմազան են եւ համապարփակ վերլուծությունների կարիք ունեն»:
Տոնավաճառի ընթացքում մի շարք անձինք զբաղվածության պետական գործակալության կողմից արժանացան շնորհակալագրերի՝ զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ակտիվ համագործակցության համար:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ