Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց Ջոն Մալկովիչին փառատոնի բացմանը «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել

Հոկտեմբեր 12,2017 16:41

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև փառատոնի բացմանը Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել և մեծ խանդավառություն առաջացրել:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դարերի ընթացքում հայ ժողովրդի զորավոր հավատքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը, որն իր բարձրարժեքությամբ կարևոր տեղ է գրավում համաշխարհային մշակույթի մեջ:

Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց նաև, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում նման մշակութային ձեռնարկների կազմակերպումը մեծ մխիթարություն է ժողովրդի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ հասարակությունը շարունակում է ապրել մշակութային կյանքով` հաղորդ դառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ստեղծագործություններին ու ձեռնարկներին:

Անվանի դերասանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ խոսքերի համար` իր ուրախությունն արտահայտելով Հայաստանում գտնվելու առիթով: Անվանի դերասանը Նորին Սրբությանը ներկայացրեց նաև իր ապագա ծրագրերը:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Ջոն Մալկովիչի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը և հայ ժողովրդի կյանքում նրա դերակատարությանը, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Ջոն Մալկովիչին մաղթեց հաջողությամբ շարունակել իր առաքելությունն արվեստի բնագավառում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031