Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա ամենագրքոտ գիշերը՝ հոկտեմբերի 14-ին

Հոկտեմբեր 12,2017 16:36

«Գրքի գիշեր-2017» «գրքատոնն» այս տարի իրականացվում է «Էրեբունի Երևան-2799» միջոցառման շրջանակում: «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) ու հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում միջոցառումները կմեկնարկեն ու կանցկացվեն ժամը 18:00-ից մինչև 24:00-ն:

Կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով: Գրքատոնին ընդառաջ Միսաք Մանուշյանի անվան պուրակում հրավիրված ասուլիսում «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ տոնահանդեսի ողջ ընթացքում «Բուկինիստ» գրախանութի ամբողջ տեսականու համար կգործի 30 տոկոս զեղչ:

«Այստեղ՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում մենք նախաձեռնել ենք 19 միջոցառում, այդ թվում՝ հանդիպում գրողների հետ, տիկնիկային ներկայացում, գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, թեյախմություն, հեղինակային երգի համերգ ու տարբեր անակնկալներ: Կեսգիշերից մինչև առավոտ մեր օնլայն գրախանութում ևս գրքերը կվաճառվեն 30 տոկոս զեղչով: Համոզված ենք, որ միջոցառումը մեծ հաջողություն է ունենալու, որովհետև մեզ լուրջ աջակցություն են ցուցաբերել մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Գրքի գիշեր-2017»-ը Երևանի 2799-րդ տարեդարձին նվիրված տասնյակ միջոցառումների ցանկում 21-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նրա խոսքով, «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի առաջարկը քաղաքապետարանում ընդունել են մեծ սիրով՝ հասկանալով, որ սա ևս մի հրաշալի հարթակ է քարոզելու սերը դեպի գիրքը և գրականությունը:

«Մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվող այս նախագիծը կդառնա ավանդույթ և կներառվի «Էրեբունի-Երևան» ամենամյա միջոցառումների ցանկում՝ իբրև փառատոն»,-հայտարարեց Ռուբեն Հուվհաննիսյանը:

«Այս և դեռևս անցյալ տարի կազմակերպված «Գրքի գիշերն» ու «գրքախառնությունը» ապացուցեցին, որ սին է այն կարծիքը, թե հասարակությունը հեռացել է գրքից: Ավելին՝ այդ միջոցառումներն ապացուցեցին, որ գիրքն է այն ուղիղ, կարճ և շիտակ ճանապարհը, որով մեր երեխաներին առաջնորդելու ենք դեպի մեր հայրենիքի ցանկալի տեսլականը»:

Իր խոսքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նաև հույս հայտնեց, որ միջոցառումը ձևական բնույթ չի կրի, այլ կունենա իր լուրջ ազդեցությունը՝ ընթերցողների աճի, գրավաճառ ցանցի կայացման, գրականության տարածման ու հանրահռչակման առումով: Նախարարը նաև հիշեցրեց, որ այս օրերին Ֆրանկֆուրտում ընթանում է Գրքի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է բավականին շքեղ և ներկայանալի տաղավարով:

«Նոյեմբերի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևանում կանցկացվի «Գրքի փառատոնը», որտեղ կներկայացվի պետական աջակցությամբ հրատարակվող գրքերի մրցութային կարգը: Մրցութային կարգով են ընտրվելու այն հեղինակների ստեղծագործությունները , որոնք կհրատարակվեն պետական աջակցությամբ և հովանավորությամբ: Այնպես որ միջոցառումների այս ցանկը՝ սկսած «Գրքի գիշեր»-ից, բավականին լուրջ ազդեցություն կարող են ունենալ գրքի ստեղծման, տարածման ու հանրահռչակման գործում»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ «Գրքի գիշեր 2017» միջոցառումն իրականացնում է «Բուկինիստ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031