Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքերում համատեղ ծառայությունը, միմյանց հետ հաց կիսելը և իրար օգնելու պատրաստակամությունը այլ արժեք ու բովանդակություն ունեն. շարքային Տ. Խլղաթյան

Հոկտեմբեր 12,2017 16:26

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակհասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում աչքի ընկած զինծառայողներից մեկն էլ, ում հետ զրուցեցինք զինծառայությանն առնչվող տարբեր թեմաների և մասնավորապես մարտական հերթապահության շուրջ, շարքային Տիգրան Խլղաթյանն է: Ինչպես մյուս դիրքապահները, ինքը նույնպես, համեստություն ցուցաբերելով, հայտնեց, որ պարզապես կատարում է իր ծառայողական պարտականությունները: «Եվ ընդհանրապես, դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը, ձեռքբերումներն ու ձախողումները ես համարում եմ յուրաքանչյուրիս և բոլորիս համատեղ ծառայության արգասիքը»:

Տիգրան Հենզելի Խլղաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, դրան զուգահեռ զբաղվելով սպորտով, մասնավորապես` ֆուտբոլով: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին:

Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման համար Տիգրանը կարևորում է բոլոր հանգամանքները` սկսած կցագրված զենքի խնամքից, նրան հստակորեն տիրապետելուց, անվտանգության կանոնների պահպանումից մինչև ծառայակիցների միջև ընկերական` առողջ մթնոլորտի առկայությունը:

«Գրեթե 6 ամիս է, ինչ ընդգրկված եմ մարտական հերթապահությունում և այս ընթացքում կարողացել եմ ավելի արժևորել դիրքապահի պարտականությունների կատարումը: Առանց քո գործի կարևորությունը գիտակցելու, առանց հայրենիքը սիրելու հնարավոր չէ նման պատասխանատու և նվիրական առաքելություն կատարել:

Ավագ ընկերների և դիրքապահի պարտականությունների կատարման անձնական փորձից համոզվել եմ և ծառայակից ընկերներիս էլ մշտապես հորդորում եմ լինել զգոն, պահպանել անվտանգության կանոնները: Նույնիսկ եթե ամենուրեք լռություն է, ապա չպետք է դրանից առիթավորվել` թուլացնել զգոնությունը և, ընդհանրապես, խախտել անվտանգության կանոնները»,- մեզ հետ զրույցում շեշտում է շարքային Տ. Խլղաթյանը:

Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման գրավականներից մեկն էլ շարքային Տ. Խլղաթյանը կապում է անձնակազմի միջև տիրող ընկերական մթնոլորտի հետ: «Չնայած դիրքերում ծառայելու ոչ մեծ ժամանակահատվածին` ես դիրքապահի պարտականությունները կատարել եմ տարբեր անձնակազմերի հետ:

Մշտական տեղակայման վայրում գտնվելով` երբեմն այդ անձնակազմերի հետ շփվելու հնարավորություն կամ անհրաժեշտություն չի լինում, կամ այդ շփումները շատ մակերեսային բնույթ են կրում: Դիրքերում փոխվում է իրավիճակը: Այստեղ միմյանց հետ հարաբերությունները դառնում են ընկերական, և դրանք հետագայում զարգացնելու հիմքեր են ստեղծվում:

Դիրքերում համատեղ ծառայությունը, միմյանց հետ հաց կիսելը և իրար օգնելու պատրաստակամությունը այլ արժեք ու բովանդակություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Տ. Խլղաթյանը` հավելելով, որ իր այցելած բոլոր դիրքերում միշտ համերաշխ մթնոլորտ է տեսել:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մեր հայրենիքի հասցեին հնչեցվող մշտական սպառնալիքները և ընդհանրապես արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի են կարևորում այն դերը, որը հայ զինվորն է անընդհատ` օրուգիշեր, եղանակային ցանկացած պայմաններում կատարում` ապահովելով մեր երկրի ու բնակչության անվտանգությունը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031