Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով Շիրակի մարզում վերջին 9 ամսվա ընթացքում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։ Դատախազը տեղեկացրեց, որ այս ընթացքում Շիրակի մարզի վարչական տարածքում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է 970 դեպք․ նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, նկատելի է հանցագործությունների թվի աճ։ Նախորդ տարի արձանագրվել էր 824 հանցագործություն։
«Հարկ եմ համարում նշել, որ մենք ունենք հանցագործությունների բացահայտման աճ։ Այսինքն՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մենք բացահայտել ենք 716 հանցագործություն, այս տարի 863 հանցագործությունների բացահայտման ցուցանիշ ենք արձանագրել։ Կարող եմ մանրամասնել ըստ հանցատեսակների բնույթի․ ծանր հանցագործությունների առումով մենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս տարի արձանագրել ենք նույն ցուցանիշը՝ 124 դեպք։ Ընդ որում` նախորդ տարվա հետ համեմատ այս տարի ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշի առումով մենք արձանագրել ենք բարելավում։ Նախորդ տարի 45 բացահայտում ենք ունեցել, այս տարի՝ 49-ը։
Առանձնապես ծանր հանցագործությունների նվազում ունենք թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարի։ Նախորդ տարի արձանագրվել է 11 դեպք, այս տարի 8 դեպք, 6-ը բացահայտված են։ Մենք ունենք 4 սպանության դեպք այս տարի արձանագրված, որից երկուսը բացահայտված է, երկուսը՝ ոչ։ Չբացահայտված դեպքերից մեկը վերաբերում է անհետ կորած անձի, մենք ունենք հաղորդում, որ իր հարազատը բնակության վայրից դուրս է եկել և չի վերադարձել, քանի որ նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետում մենք տվյալ անձին չենք հայտնաբերել, սպանության հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ։
Երկրորդ չբացահայտված դեպքը վերաբերում է այս տարվա մայիս ամսին արձանագրված սպանության դեպքին․ Արթուր Հարությունյանի սպանության դեպքի մասին է խոսքը։ (Խոսքը Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող իր բնակարանում 22-ամյա երիտասարդին առանձնակի դաժանությամբ սպանելու առթիվ հարուցված քրեական գործի մասին է, Ա․Ն․)։ Վստահեցնում եմ, որ ես անձամբ ուսումնասիրել եմ տվյալ քրեական գործի նյութերը, ինչպես նաև իմ լիազորությունների թույլատրելի սահմաններում հետաքննության մարմնի կողմից կազմված օպերատիվ գործը։ Հուսով եմ, որ անպայման բացահայտվելու է։ Կատարվել են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ, որոնք, ըստ իս, վկայում են այն մասին, որ հետաքննության մարմինը գտնվում է բացահայտման ուղու վրա», -մանրամասնեց դատախազը։
Անցած տարվա հետ համեմատ նվազել են դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքերը․ անցած տարի արձանագրվել է 20 դեպք, այս տարի 5 դեպք, ընդ որում 4-ը բացահայտված է։
Նկատելի է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ․ նախորդ տարի արձանագրվել է 39 դեպք, այս տարի՝ 45 դեպք։ Նախորդ տարի 14 դեպք է բացահայտվել, այս տարի՝ 25։
Կոռուպցիոն հանցագործություններով բազմաթիվ՝ 30 քրեական գործեր են հարուցվել, ընդ որում խոսքը ոչ միայն անձի կողմից կաշառք տալ-ստանալուն է վերաբերում, այլ այն հանցագործություններին, որտեղ ներգրավված են պաշտոնատար անձինք։ Կան հարուցված քրեական գործեր համայնքի ղեկավարների ու դպրոցի տնօրենների կողմից իրենց պաշտոնական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ։ Այս գործերը նախաքննության փուլում են։
Դատախազը սպանության ու սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործերը թվարկելիս, մի տխուր փաստ ներկայացրեց․ այս տարի սեպտեմբերին մի երիտասարդ փորձել է սպանել իր ծնողներին, դյուրավառ նյութի հեղուկը լցրել էր նրանց վրա՝ փորձելով այրել։ «Այս դեպքով ունենք կալանավորված անձ, որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Այս քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում»,-ասաց դատախազը։
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մի՞թե նորմալ հոգեկան վիճակում է գտնվել տվյալ անձը, որը փորձել է այրել ծնողներին։ « 12․09․ 2017 թվականին ժամը 20․30 սահմաններում Նարեկ Ադամյանը իր ծնողներին՝ Սայթ և Նազելի Ադամյաններին ապօրինի կյանքից զրկելու, սպանելու դիտավորությամբ նրանց վրա լցրել է դյուրավառ հեղուկ։ Դեպքը կենցաղային հողի վրա ծագած վիճաբանություն է․ ծնողները չեն թույլատրել նշված անձին տնից դուրս գալ, որի պատճառով էլ նա տվյալ արարքը կատարել է։ Որպես մեղադրյալ ենթակա անձը գտնվել է հաշվառման մեջ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, և մենք այս անձի մեղսունակությունը պարզելու համար նշանակել ենք դատահոգեբուժական փորձաքննություն»,-մանրամասնեց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ