Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացրած եւ օգոստոսից հանրային քննարկման դրված քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը թեեւ երկարաժամկետ է, սակայն գործողությունների իրականացման ժամանակահատվածներ չի սահմանում: «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նա հարցադրում արեց՝ որքանո՞վ է երաշխավորված, որը ծրագրի շարունակականությունն ապահովվելու է: «Կառավարության կազմ կարող է փոխվել: Երբ փոխվում են նախարարները, առաջնահերթություններն էլ են փոխվում»,-նկատեց Սաքունցը:
Նա փաստեց, որ ռազմավարության ծրագրում նշված է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մինչդեռ քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիոն դրսեւորումներն ամբողջապես չեն վերլուծվել. «Ուշագրավ թվեր կան ՔԿՀ պետերի ունեցվածքի մասին՝ 20-30 հազար դոլար…Ըստ ՔԿՀ պետի կենսագրության՝ վերջինս համապատասխան կարողություն ունի: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Պարզ չէ այդ ունեցվածքի ծագման օրինական լինելու հարցը»:
Մյուս առաջնահերթ խնդիրն, ըստ իրավապաշտպանի, ՔԿՀ-ներում չգրված՝ քրեական կանոնների հարցն է. «Ռազմավարության մեջ չկա հարցի լուծման պատասխանը»:
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանն էլ ընդգծեց, որ նշյալ խնդիրը կրկնահանցագործությունների պատճառն է. «ՔԿՀ-ներում շերտավորումներ կան՝ ըստ կալանավորների դիրքի: Խտրականության դեմ պայքարի ճանապարհ չկա այդ ռազմավարության մեջ»:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ նկատեց, որ ռազմավարության ծրագրի փաստաթուղթը վերջնական է, եւ նշյալ խնդիրներին նախարարությունը կարող է անդրադառնալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ