Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադառնալով աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելուն, ասաց, որ առայժմ չկա հստակ որոշում արգելքի մասին, այս հարցը դեռեւս քննարկումների փուլում է:
Նախարարի ներկայացմամբ՝ Հայաստանում աջակողմյան է երթեւեկությունը, եւ պետք է շահագործվեն միայն ձախ ղեկով մեքենաներ:
«Դուք այնպես եք ասում, որ կարծես մենք ժամանակը տվել ենք, և այդ մարդիկ պրոբլեմի առաջ են կանգնել: Կարող է 20 տարի, կարող է 50 տարի ժամանակ տանք: Թող տանեն Հայաստանից դուրս վաճառեն այդ մեքենաները»,-ասաց նախարարը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե՝ այդ որոշմամբ, աջ ղեկով մեքենաներ ունեցողներին փաստի առաջ են կանգնեցնում:
Արգելքից հետո արդյոք չե՞ն թանկանա ձախ ղեկով մեքենաները, այս հարցին ի պատասխան Մարտիրոսյանն ասաց, որ պետությունը վերահսկողություն կիրականացնի, որպեսզի արհեստական թանկացում չլինի»:
Ինքը՝ նախարարն էլ փորձել է վարել աջ ղեկով մեքենա, նրա մոտ չի ստացվել, ասաց, որ փորձել է ու չի կարողացել վարել: Աջ ղեկով մեքենան նախարարի համար անհարմար է եղել:
Հարցին՝ արդյոք նախարարին չի՞ մտահոգում, որ աջ ղեկով մեքենաների վարորդները բողոքի ցույցեր կանեն, Մարտիրոսյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն
Է ճիշտ: Համակարգային փոփոխությունների դեպքում մենք պետք է գնանք այդ քայլին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ