Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԻՇ-ից մինչև Խոջալու. թեժ քննարկում՝ ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 12,2017 15:54

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ձայների 67 «կողմ» և 0 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմզիգի (լուսանկարում) «ԴԱԻՇ-ի կողմից մարդկության դեմ հանցագործությունների, անգամ հնարավոր ցեղասպանության հետապնդումը և պատժումը» վերնագրով զեկույցի բանաձևը:

ԵԽԽՎ պատվիրակներն այս բանաձևի կապակցությամբ ազատ քննարկումների ընթացքում իրենց ելույթներում կարևորեցին ցեղասպանությունների և ահաբեկչությունների դեմ պայքարի ավելի գործուն մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը: Շեշտադրումը հատկապես կատարվում էր կրոնական հողի վրա ցեղասպանությունների վրա, հատկապես Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից հազարավոր անձանց կյանքը խլելու փաստին:

Ադրբեջանի պատվիրակության անդամները, սակայն, քննարկումը տեղափոխեցին այլ հարթություն:

Ադրբեջանցի պատվիրակ Գանիրա Փաշաևան ներկայացրեց, թե եվրոպական շատ կազմակերպություններ, այդ թվում նաև ԵԽԽՎ-ն հրաժարվել են Իրաքից, Սիրիայից փախստականներին աջակցություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանը, որի բնակչության մեծամասնությունը մուսուլման է, աջակցություն է ցուցաբերել նրանց: Ադրբեջանցի պատվիրակը հատուկ շեշտեց, թե Թուրքիան էլ է մեծ աջակցություն ցուցաբերել փախստականներին:

Այնուհետև տիկին Փաշաևան հայտարարեց, թե Ադրբեջանը ևս տուժել է ահաբեկչությունից, որն իբր կազմակերպվել էր հայկական ահաբեկչական խմբավորումների կողմից:

Լիտվան ներկայացնող պատվիրակ Էգիդիյուս Վարեյկիսը մտահոգություն հայտնեց, որ աշխարհում մեկ միլիոն մարդ սպանվել է կրոնական հայացքների համար: Նա հայտարարեց. «Պետք է մեխանիզմներ մտածել, որ ԵԽԽՎ-ն կրոնական հակամարտություններում դառնա խաղաղարար»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, թե ինքը հանդես է գալիս ոչ միայն ՀՀ ԱԺ-ն ներկայացնող պատգամավոր, այլև եզդիական համայնքի ներկայացուցիչ: Այնուհետև հայտարարեց, թե 2014-ի օգոստոսին ավելի քան 5000 եզդիներ են սպանվել ԴԱԻՇ-ի կողմից: Նա կարևորեց նման ոճրագործությունների կանխարգելման համար մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության մեկ այլ անդամ՝ Զուհալ Ֆատալիևան, վեհաժողովին Խոջալուի դեպքերը ներկայացրեց որպես Հայաստանի կողմից կատարված ցեղասպանություն, որի ընթացքում շուրջ 600 ադրբեջանցիներ սպանվեցին իրենց ազգային պատկանելության համար: Նա վստահեցրեց, որ եթե նման ոճրագործությունները կանխարգելվեին, չէր լինի ԴԱԻՇ-ը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031