ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձավ նախարարության ներկայացրած եւ օգոստոսից հանրային քննարկման դրված քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագրին՝ տեղեկացնելով, որ այն միտված է ՔԿՀ-ներում բարեփոխումներ իրականացնելուն, հիմքում էլ հետեւյալ սկզբունքն է՝ ՔԿՀ-ն պետք է պատշաճ պայմաններում ապահովի կալանավորի պատժի նպատակների իրականացումը:
«Ռազմավարությունը ենթադրում է ՔԿՀ-ների օպտիմալացում: Անհրաժեշտության դեպքում ոչ օպտիմալ կառույցները կփակվեն, նորերը կձեւավորվեն: ՔԿՀ-ները պետք է անվտանգ լինեն եւ ունենան անվտանգության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաներ»,-նշեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ ռազմավարությունը ենթադրում է նաեւ կալանավորների պահման պայմանների բարելավում, այսինքն՝ որոշ ՔԿՀ-ներ կնորոգվեն, կկառուցվեն նորերը. «Առնվազն 2 նոր հիմնարկ կառուցելու կարիք ունենք: Որոշ ՔԿՀ-ներ ոչ բավարար շենքային պայմաններ ունեն, թեեւ վերանորոգվել են»:
Քրմոյանի փոխանցմամբ՝ ըստ ռազմավարության ծրագրի՝ դատապարտյալների գործերի վարումն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային համակարգով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ