Հայաստանի Հանրապետության Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագիծը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Օրինակ, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը դրական միտում է համարել, որ օրենքը վերջապես հասել է ինչ-որ հանգրվանի եւ քննարկման դրվել, բայց նա մտավախություն ունի, որ օրենք ընդունելու համար տարիներով կռիվ տված մարդիկ մշտապես կինոյի գումարներին որպես մակաբույծ տիրած «կինովերնախավի» հետ նույն ճամբարում են լինելու:
Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը եւս մտահոգ է Կինոյի մասին օրենքի նախագծով: Նա օրինագծում մի շարք վտանգներ է տեսնում, օրինակ` այն, որ հայկական կինոն պաշտպանված չէ: Նա մասնավորապես ասել էր, որ կինոյի մարդիկ չեն կարող օրենք գրել, քանի որ առաջնորդվում են հույզերով: Հարություն Խաչատրյանի ձեւակերպմամբ, Կինոօրենքը գրում են փորձագետները, ոչ թե օպերատորներն ու կինոռեժիսորները:
Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Գագիկ Ղազարէն, որ հրավիրված է եղել օրենքի նախագծի քննարկմանը եւ լրացումներին, նշեց, որ օրենքի նախագծի ներկայիս տարբերակը կտրուկ տարբերվում է նախորդներից ու շատ հարցեր մանրամասնած չեն: Գագիկ Ղազարէի ձեւակերպմամբ, շատ հարցեր թողնված են բարի կամքի արտահայտությանը ու օրենքում արտացոլված չէ, թե հայկական կինոն ինչ ռազմավարությամբ է զարգանալու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գագիկ Ղազարէի հարցազրույցի մանրամասները հոկտեմբերի 13-ի տպագիր «Առավոտում»: