Երեւանի ավագանու երեկվա լարված նիստի հետ կապված ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը ասել էր, որ «Երկիր Ծիրանիի» անդամներին ոչ միայն ՀՀԿ-ականները, այլեւ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Զարուհի Բաթոյանն է դիտողություն արել եւ ասել` ինչպե՞ս կարելի է նման կերպ խոսել Ռալֆ Յիրիկյանի մասին:
Իսկ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքում մեկնաբանելով նիստի ընթացքը, գրել էր, որ նիստից իր մոտ գլխացավ է առաջացել:
Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Բաթոյանն ասաց. «Ես դիտողություն չեմ արել: Ես ելույթ եմ ունեցել, եւ իմ ելույթը նվիրված է եղել Յիրիկյանի այն ավանդին, որն ունեցել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար: Ես կարեւորել եմ դա, որովհետեւ նախագծում այդ մասին հիշատակում չկար: Ես ասացի, որ ավագանին կկարեւորի նաեւ դա, այնպես չի, որ ես դիտողություն եմ արել»:
Հիշեցնենք, որ երեկ ավագանու նիստում հաստատվեց Ռալֆ Յիրիկյանին, ինչպես նաեւ Նարա Շլեպչյանին, Արտավազդ Փելեշյանին, Ռազմիկ Դավոյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախագծերը:
Մեր հարցին՝ երբ Անահիտ Բախշյանին ավագանու նիստում Անո ասացին, դուք արդարացիորեն աղմուկ բարձրացրեցիք, թե ոնց են կնոջ հետ խոսում, իսկ երեկվա նիստում, երբ կնոջը հայհոյեցին, էլ «դեբիլ», էլ վիրավորական այլ խոսքեր հնչեցին «Երկիր Ծիրանիի» կանանց հասցեին, ձեր խմբակցությունը որեւէ կերպ չարձագանքեց, դա խմբակցության ներքին որոշումների՞ց էր, որ չխառնվեք, ինչո՞ւ չարձագանքեցիք՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Նախ, երբ պարոն Իգիթյանը … է անվանել «Երկիր Ծիրանիի» անդամներից մեկին, մենք դա չենք լսել՝ հետեւում նստած: Երբ տեսանյութերը նայեք, կտեսնեք, որ ինքը դա հրապարակային անելու միտում չի ունեցել, ինքն իրեն ասել է, ոնց որ ինքն իրեն լսի, բայց միկրոֆոնը միացրած է եղել եւ լսել են: Տեսանյութում դա հստակ կտեսնեք, մենք հետո ենք դա տեսել: Որեւէ հայհոյանք որեւէ մեկը չի լսել, միակ կոպիտ բառը Կամո Արեյանի ասածն է եղել, որը էլի ինքն իրեն է խոսում, մեր հետեւում դա չի հասկացվում»:
Իսկ թե ինչն էր գլխացավանք առաջացրել ավագանու նիստում, ըստ Զարուհի Բաթոյանի, բարոյախրատական ճառերը, ՀՀԿ-ականների պաթոսը, այդ ամենն է պատճառը. «Շատ հոգնեցնող է, նյարդայնացնում է»:
Զարուհի Բաթոյանն ասաց, որ շատ կարեւոր հարցերի շուրջ «Երկիր Ծիրանիի» բարձրացրած խնդիրները արվում են ոչ տեղին, ոչ ժամանակին եւ արվում է ոչ չափի մեջ. «Ցանկացած հարցի դեպքում, որը որեւէ կապ չունի դրա հետ, իրենք մեկնաբանություն են անում, որը ժամանակ եւ էներգիա է խլում: Երբ մենք խոսում ենք Երեւանում անտուն մարդկանց մասին, դա շատ լուրջ խնդիր է, եւ իհարկե, պետք է բարձրացնել, բայց դա պետք է անել ոչ ի հակառակ Երեւանի տոնի առիթով այն ժեստի, երբ մարդկանց բնակարան են տալիս կամ պատվավոր քաղաքացու կոչում են տալիս: Միեւնույն է, եթե ավագանին որոշի, որ այդ բնակարանները այդ մարդկանց չի տալու, համոզված եմ, որեւէ անապահով ընտանիքի դա չի հասնելու: Կապ ունեցող եւ չունեցող որեւէ հարցի դեպքում դա բարձրացնելը հոգնեցնող է: Կներեք, բայց ինձ համար շատ ծիծաղելի է, երբ ասում են՝ Արտավազդ Փելեշյանն ինչ է արել Երեւանի համար, որ իրեն տալիս ենք Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում»:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կոնկրետ Ռազմիկ Դավոյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցի նկատմամբ միանշանակ վերաբերմունք չուներ եւ մեծ մասը դեմ է քվեարկել, բայց Յիրիկյանի, Շլեպչյանի, Փելեշյանի ավանդն իրենք հստակ հասկանում են եւ այդտեղ որեւէ խնդիր չեն տեսնում. «Պետք է հիմնավորված լինի քո ասելիքը եւ տեղին ու ժամանակին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան էջից
Հետագա բարդություններից խուսափելու համար առաջարկում եմ փակել քաղաքապետքարանը: