Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն ՀՀ-ին նոր վարկ կտա սպառազինության համար

Հոկտեմբեր 12,2017 14:41

Այսօր կառավարությունը համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ այդմ, Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:

Նշված համաձայնագրով նախատեսվում է 100 միլիոն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը տրամադրել 20 տարի ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ, տարեկան 3% տոկոսադրույքով: Համաձայնագրի համաձայն, Հայաստանի կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում:

Ըստ համաձայնագրի, կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր պայմանագրի արժեքի ոչ պակաս քան 10 %-ը եւ իրականացվում են հայկական կողմից հօգուտ ռուսաստանյան լիազորված կազմակերպությունների՝ ԱՄՆ դոլարով:

ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջեւ կստորագրվեն առանձին պայմանագրեր ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի` ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման եւ տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների եւ այլ հարցերի վերաբերյալ:

Հայկական կողմը վարկն օգտագործում է հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչեւ 90%-ի ֆինանսավորման համար` կնքված սույն համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան պայմանագրերում նշված ռուսական եւ հայկական կազմակերպությունների միջեւ:

Վարկով տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքը մատակարարվելու է ըստ համաձայնագրով սահմանված ցանկի, եւ ինչպես նշված է համաձայնագրում, ցանկը կարող է փոփոխվել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջեւ փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Հիշեցնենք, որ 2015 թվականին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ստորագրվել էր սպառազինություն ձեռք բերելու համար 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր, ըստ որի սպառազինության մի մասն արդեն տրամադրվել է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031