ԵԽԽՎ-ն փորձում է ցույց տալ, որ ծառայում է որոշ շրջանակների և մարդկանց, ոչ թե Եվրոպայի շահերին: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը:
«Տարիներ շարունակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի նկատմամբ իր անարդարացի և դաժան վերաբերմունքով ափսոսանքի և զարմանքի տեղիք է տալիս»,- գրել է Մամեդովը Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ իրենց պահում են «ինկվիզիցիայի դատարանի անդամների պես»:
«Մի՞թե ԵԽԽՎ-ում չեն տեսնում՝ ուր է տանում Եվրոպան նման քաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ-ն կարծում է, որ իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժ սահմանելն է, իսկ ինքը չունի որևէ պարտականություն, այդ դեպքում ում և ինչի համար է պետք այդ կազմակերպությունը»,- եզրակացրել է Մամեդովը:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ն ընդունել էր համար 14403 բանաձևը՝ Ստեֆան Շեննակի և Սեզար Պրեդայի կողմից պատրաստված «Ժողովրդավարական ինստիտուտների վիճակը Ադրբեջանում» զեկույցի հիման վրա: Բանաձևին կողմ էր քվեարկել 117, դեմ՝ 18 պատգամավոր:
Մասնավորապես, զեկույցում նշվում էր, որ Ադրբեջանում արդարադատության համակարգը պետք է լինի «իրապես անկախ, անաչառ, ազատ գործադիր իշխանության ազդեցությունից»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ