Aravot.am-ը Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Վիկտորյա Ռուխկյանից մեկնաբանություն խնդրեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի արած հայտարարության վերաբերյալ: Տիկին Բախշյանն ասել էր, որ որոշ հայազգի ծնողներ ՌԴ անձնագրերով խնամակալներ են փնտրում, որպեսզի իրենց երեխաներին խցկեն ռուսական դասարաններ, նաեւ նշել էր, որ ամենամեծ թիվը Մայակովսկու անվան դպրոցում է:
«Մեզ մոտ ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ են, դա չի նշանակում, որ երեխաները չեն տիրապետում հայերենին: 5-րդ դասարանից սկսած բոլոր պատմական առարկաները, այդ թվում` Հայ ժողովրդի պատմությունը, Հայոց եկեղեցու պատմությունը եւ աշխարհագրությունը, դասավանդում են մեր ուսուցիչները, եւ ցանկացած ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում դասավանդում են հայերեն: Առաջին իսկ դասարանից, ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, անկախ նրանից, այլազգի են, օտարազգի, թե խնամակալությամբ են նստած երեխաները, հիանալի տիրապետում են հայերենին եւ ուսումնասիրում են առաջինից մինչեւ 9-րդ դասարան, քննություններն էլ շատ լավ են հանձնում հայերեն: Ավարտական քննությունների թեստերը հայերեն են, երբեք խնդիր չենք ունեցել երեխաների մայրենի լեզվի հետ կապված»,-պարզաբանեց տնօրենը:
Նա հավելեց. «Ես իրականում տեղյակ չեմ, թե ինչ է ասել Անահիտ Բախշյանը խնամակալության վերաբերյալ, նաեւ չգիտեմ, թե ինչն է նրա հայտարարության պատճառը: Ես հավաստիացնում եմ, որ մեզ մոտ տեսչական պլանային եւ ոչ պլանային ստուգումները մշտապես ցույց են տալիս, որ որեւէ խախտում չենք ունենում: Երեխաները համապատասխան կարգով են ընդունվում դպրոց, իսկ կարգը ես չեմ որոշում: Կարգն այնպիսին է` երեխան պետք է ունենա այլազգի ծնող, կարող ենք ընդունել ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, ում ծնողը օտարերկրացի է կամ համապատասխան խնամակալությամբ: Ունենք 450 աշակերտ մեր դպրոցում: 1-ինից մինչեւ 9-րդ մեկ լիարժեք կոմպլեկտավորված հայկական դասարան ունենք եւ մեկ լիարժեք կոմպլեկտավորված ռուսերենով ուսուցմամբ դասարան: Թվով 20 դասարան ունենք, եւ հասարակ մաթեմատիկա է` ո՞նց կարող է առաջինից 9-րդ դասարաններում չլինի 28 հոգի խնամակալությամբ երեխա: Դա սարսափելի թիվ չի կազմում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ