Արձագանքելով վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացմանն ու հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ քննարկելու խնդրի առաջացման պատճառներն ու գտնելու հետևանքների մեղմացման ուղիներ:
Այդ նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային վիճակագրական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ` «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Սպառողների միություն»:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է քննարկել գների բարձրացման պատճառները, հիմնավորել, թե որքանով են դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, արտահանման և ներմուծման ծավալների հետ առնչությունները, արտադրողի և վաճառողի մասնակցությունը խնդրին, գների բարձրացման միտումները, հետևանքները երկրի տնտեսության զարգացման վրա, սոցիալական բեռի ավելացումը բնակչության շրջանում, այդ բեռի թեթևացման ուղիները և, ի վերջո, հնարավորությունների ստեղծմանը՝ երևույթն ի նպաստ օգտագործելու տեղական արտադրության զարգացմանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրել է 2016-2017 թվականների մոնիտորինգի արդյունքները, ըստ որոնց` գների բարձրացում է տեղի ունեցել հիմնականում թարմ մսի, կարագի, ինչպես նաև բենզինի շուկաներում:
Կարագի գնի կտրուկ թանկացումը պետական պաշտոնյաները բացատրել են եվրոպական շուկայում նույն ապրանքի՝ մասնավորապես Նորզելանդական կարագի գների բարձրացմամբ: Նշվել է, որ գործընթացը սկսվել է դեռևս նախորդ տարվա մայիս ամսից, սակայն այն դեռևս ընթացքի մեջ է, և հնարավոր է՝ թանկացումը շարունակվի:
Հաշվի առնելով Եվրոպայում կարագի նկատմամբ պահանջարկի ավելացումն ու գների հետագա բարձրացումը՝ Հանրային խորհուրդը կարևորել է Հայաստանում կարագի արտադրության նկատմամբ ռազմավարական նոր մոտեցում որդեգրելու և այդ ոլորտը հետևողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, անդրադառնալով տեղական թարմ մսի գների բարձրացմանը, խնդրի հիմնական պատճառը համարել է խոտի արտադրության ծավալների նվազումը՝ կապված երկարատև ու ծանր ձմեռվա հետ, ինչի հետևանքով անասնակերը թանկացել է, լրացուցիչ ծախսերն ավելացել են, գյուղացին սկսել է միսն ավելի թանկ վաճառել վերավաճառողին և այլն: Բացի դա, եղել է անասնագլխի քանակի անկում: Մսի գների բարձրացման պատճառներից մեկն էլ, ըստ փոխնախարարի, մանր և խոշոր եղջերավոր անասունների արտահանման ծավալների կտրուկ ավելացումն է: Փոխնախարարը նշել է, որ հայկական տեղական միսը որակապես բավականին բարձր է, այդ պատճառով էլ արտահանման ծավալները աճում են:
Եթե կարագի ու մսի գների բարձրացման պատճառները պարզաբանվել են և բացահայտվել որոշակի օբյեկտիվ գործոններ, ապա հասկանալի չի եղել բենզինի գնի բարձրացման պատճառը: Պատկան մարմինների պաշտոնյաների ներկայացրած վիճակագրության համաձայն՝ բենզինի գինը հանրապետությունում 2017 թվականի փետրվար ամսից մինչև օգոստոս կայուն է եղել, որից հետո աճել է:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցչի համոզմամբ՝ իրենք ուսումնասիրել են մատակարարների փաստաթղթերը, ըստ որոնց՝ բենզինի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ: ՏՄՊՊՀ ներկայացուցչի խոսքով՝ հնարավոր չէ գնահատել, թե ինչու է ներկրողը բենզինը ձեռք բերում ավելի թանկ գնով, քան նախկինում: Միաժամանակ, ՀԽ հարցմանն ի պատասխան՝ նշվել է, որ Ռուսաստանում, որտեղից ձեռք է բերվում բենզինի հիմնական մասնաբաժինը, գների բարձրացում չի նկատվել: Այս համատեքստում ՀԽ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է հարցն առանձին քննարկել նաև ներկրողների հետ:
Քննարկելով մի խումբ ապրանքների գների բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները՝ Հանրային խորհրդի անդամները գտել են, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն պետք է վերահսկի և վերլուծի իրավիճակն ու միտումները, գտնի շուկայական ճկուն մեխանիզմներ ազդելու գների կարգավորման վրա, մշակի համապատասխան նոր ռազմավարություններ և ուղղորդված քաղաքականություն գյուղատնտեսության և տեղական արտադրության զարգացման ուղղությամբ, քայլեր ձեռնարկի պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ նպաստելով տեղական շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ծավալների ավելացմանը, այլ նաև համապատասխան միջոցներ պետք է ձեռք առնի, որպեսզի հնարավոր թանկացումները բնակչության հատկապես խոցելի խավի համար զգալի չլինեն և ինչ-որ կերպ փոխհատուցվեն:
Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը լրացուցիչ կուսումնասիրի քննարկման արդյունքներն ու համապատասխան կառույցների ներկայացրած վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա առաջարկներ կներկայացնի ՀՀ կառավարություն:
Մամուլի հաղորդագրություն