«Մենք երբեւէ, որեւէ պարագայում, Արցախյան հիմնախնդիրն այլ խնդիրների հետ չենք համեմատում, քանի որ դա անհնար է: Այդ խնդիրներն առերեւույթ են նմանատիպ»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն`անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանի եւ Կատալոնիայի անկախության հանրաքվեներից հետո Արցախի հարցի հետ անցկացվող զուգահեռներին: Գառնիկ Իսագուլյանը նշում է`կա երեք հանգամանք, որոնք այդ խնդիրները դարձնում են տարբեր: Դրանք են`Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, միշտ իրավահավասար պետություն է եղել, Արցախն ինքնորոշվել է մինչեւ խորհրդային միության փլուզումը`ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, որից հետո Ադրբեջանը պատերազմ հայտարարեց եւ 1994-ի պատերազմի արդյունքում Արցախն ունի այն սահմանները, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրությամբ: Եվ`Արցախը երբեք չի եղել անվտանգություն սպառող, Արցախում երրորդ երկրների ուժեր երբեք չեն եղել:
Օրերս մի փաստաթուղթ ընթերցելիս Արցախի նախագահ Բակո Սահակյանը Գառնիկ Իսագուլյանին հարցրել է`ի՞նչ նկատի ունի, որ գրել է «ազատագրված տարածքներ»: Գառնիկ Իսագուլյանն ասել է`այն, ինչ բոլորը նկատի ունեն: Բակո Սահակյանն ասել է. «Ազատագրված տարածքները եղել են 1992-94 թվականներին, հիմա կա Սահմանադրություն եւ այդ տարածքները ներառված են Արցախի Հանրապետության տարածքում: Այս դիտողությունն արվել է, ես շատ ուրախ եմ եւ կոչ եմ անում բոլորին սա ի նկատի ունենալ»:
Արցախի նախագահի խորհրդականը հայտարարում է. «Արցախը դե ֆակտո կայացած պետություն է, սպասում ենք դե յուրե կայացմանը: Եթե չճանաչվի էլ, դա չի խոչընդոտի Արցախի զարգացմանը: Հոկտեմբերի 8-ին Արցախում բերքի տոն էր եւ այդ մեկ օրվա առեւտուրը գերազանցել է մեկ միլիարդ դրամը: Տնտեսական աճը գերազանցում է 17 տոկոսը: Այս ամենը ցույց է տալիս`ժամանակն է բոլորս գիտակցենք, որ Արցախը կայացած է»: Շահարկողներին Գառնիկ Իսագուլյանը հորդորում է մտածել ազատ հայրենիքը էլ ավելի բնակեցնելու մասին:
Այլ պետություններում ապրող հայերին կոչ է անում տեղափոխվել ՀՀ եւ Արցախ եւ իրենց լիարժեք հայ զգալ: Ասում է`գոնե Արցախի պարագայում անիմաստ է սոցիալ-տնտեսական խնդիրների մասին խոսելը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ