Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ահաբեկչության մասին սուտ հաղորդում հայտնելու գործով դատական նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Էդգար Վիրաբյանի պաշտպան Արամ Ղազարյանի չներկայանալու պատճառով: Պարզվում է՝ վերջինս դատական նիստի մասին ծանուցում չէր ստացել:
Հիշեցնենք, որ Էդգար Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. փետրվարի 6-ին Մաշտոցի 5 հասցեում գտնվող տաքսոֆոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարելու ու կեղծ ահազանգ տալու համար: Վիրաբյանը նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել է սուտ հաղորդում` հայտնելով որ Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկը պայթելու է:
Փաստաբան Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ որն է եղել իր պաշտպանյալի կողմից կեղծ ահազանգ տալու շարժառիթը, ի պատասխան նա ասաց, որ Վիրաբյանի խոսքով՝ ինքը չի գիտակցել՝ ինչ է անում: Ըստ փաստաբանի՝ նա հոգեկան առողջության մասնակի խնդիրներ ունի, չնայած փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արարքի պահին նա գիտակցել է՝ ինչ է անում: Էդգար Վիրաբյանը մոտ երեսուն տարեկան է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ