Ընտանեկան բռնության դեմ օրինագծի սկանդալային քննարկումներն ու արդեն դասական դարձած՝ քյարթեր vs հիփստերներ, հետամնացներ vs առաջադեմներ, ռուսամետներ vs արևմտամետներ հակադրությունները մի քանի օր տևող տեղեկատվական թամաշայից բացի, ոչինչ չեն կարող տալ թե՛ ընդհանրապես, թե՛ մասնավորապես՝ խնդրո առարկայի առնչությամբ, քանի դեռ հայաստանյան իրականության մեջ բռնության և ընտանեկան բռնության պատճառների ուսումնասիրությունը որևէ մեկին (արևմտյան դոնորներին, Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ՀԿ սեկտորին, նախաձեռնության դեմ պայքարողներին) չի հետաքրքրում։
Առաջնային պլան են մղվում ոչ թե նախաձեռնության մեջ շոշափվող խնդրի ծագումնաբանությունը, դրսևորումները հասկանալու փաստը, այլ հարակից, թեմայի հետ կապ չունեցող երևույթներ։ Պետության դիրքորոշումը պարզ է՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ մտնում է նաև այս օրինագիծը; Լինելով չափից շատ պրագմատիկ ու այսրոպեական շահի կողմնակից, ՀՀ իշխանությունները հակված են ընդունել օրենքը, եթե դրանից ինչ-որ կերպ շահելու են Եվրոպայի համակրանքը և հավելյալ դրամաշնորհներ։ Նախաձեռնության կողմ և դեմ հասարակական խմբերը, որոնք հիմքում ևս բացառապես պրագմատիկ (անձնական, կենցաղային) շահեր են իրացնում, արտաքուստ խոսում են արժեհամակարգային լեքսիկոնով՝ բովանդակային և քարոզչական առումով անելով նույն բանը, պարզապես հակառակ վեկտորներով։
Իսկ քննարկումների մեջ անշահախնդրորեն մտած մարդիկ շարունակում են կրկնել ու տարածել քննարկման հիմնական մեթոդական սխալը՝ թիրախավորելով բացառապես հետևանքը, այն ընդունելով որպես կայացած փաստ ու բացառապես գնահատականներ հնչեցնելով։ Հերթական անգամ հանրային հնչեղություն ունեցող թեման դառնում է պարզապես հասարակության տարբեր, քաղաքական և հասարակական բնութագրիչներով իրարից առանձնացված խմբերի համար վերադիրքավորվելու, սեփական խմբի ինքնությունը շեշտելու, սահմանները գծելու, բարիկադավորվելու առիթ։ Երբ աղմուկն ավարտվի, այս քննարկումից ոչինչ չի մնալու, որևէ հանրային բարիք (նույնիսկ չարիք) չի ստեղծվելու։
Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում