Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԵԺԿ խմբի արտահերթ նիստում խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց:
Պատճառն, ըստ էության, ԵԽԽՎ նախագահի ընտրությունն էր: ԵԺԿ խմբի ներսում տարաձայնություններ կան այս առումով, և երեկ առավոտյան խմբում քվեարկության էր դրված մի հարցադրում, համաձայն որի՝ մյուս քաղաքական խմբերը, քվեարկելով Ստելլա Կիրիակիդեսի օգտին, խախտում են կատարել:
Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ո՞րն էր Ֆիշերի հրաժարականի պատճառը: Տիկին Հովհաննիսյանը պարզաբանեց. «Աքսել Ֆիշերը ցանկանում էր, որ մենք արձանագրեինք` տեղի է ունեցել ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցում խախտում, և այդ դեպքում ինքը հունվարին ԵԺԿ խմբից իր թեկնածությունը կառաջադրեր ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար: Քանի որ իր առաջարկը չանցավ, ստեղծվեց իրավիճակ, որտեղ որոշվեց, որ ինքը պետք է հրաժարական տա: Թեժ քննարկման արդյունքում ձայների 26/24 հարաբերակցությամբ որոշվեց, որ կանոնները չեն խախտվել»:
Նշենք, քանի որ որոշվեց, որ ԵԽԽՎ նախագահի ընտրության կանոնները չեն խախտվել, հետևաբար հունվարին նախագահի թեկնածու առաջադրելու հերթը լինելու է սոցիալիստների խմբինը:
Հավելենք, որ Աքսել Ֆիշերը դեմ էր Ստելլա Կիրակիդեսի թեկնածությանը և հենց նա էր խմբի այն անդամներից, որոնք ճնշում էին գործադրում Ստելլա Կիրիակիդեսի վրա, որպեսզի հանի թեկնածությունը խմբում պարտվելուց հետո:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ