Մինչ ակտիվ հասարակության մի մասը կենտրոնացել է ընտանեկան բռնությանը վերաբերող նախագծի վրա, որի քննարկումներում «տեսարանային» պահերը քիչ չեն, երեկ խորհրդարանում լսումներ էին կազմակերպվել «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ»:
Սա, կարծում ենք, բազմապատիկ հրատապ է, մասնավորապես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ես եմ», «Պատիվ ունեմ» նախաձեռնությունների եւ առաջարկվող մի ամբողջ շարք նոր մոտեցումների համատեքստում: Բնականաբար հիշյալ թեմայով լսումներն արժանացել էին շահագրգիռ հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությանը:
Այդ տեսանկյունից, օրինակ, հետաքրքիր էր լսել իրավապաշտպանների դիտողությունները կամ քննադատական ակնարկները: Մասնավորապես ուշադրություն գրավեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկումը՝ ուսանողների կամ ապագա գիտնականների զորակոչվելու վերաբերյալ: Ուշագրավ է, որ իրավապաշտպանը թեպետ համաձայն է հօգուտ զորակոչի բերված փաստարկներին, հատկապես կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, բայց խնդիր է տեսնում այս անգամ արդեն կրթության ընդհատման առումով:
Նա ինքն է նշում, որ գիտեն, թե՝ «բանակից ազատվելու համար ինչպիսի ատենախոսություններ են պաշտպանում», բայց համարում է, որ պետք է կրթության, գիտության որակը բարձրացնել եւ կոռուպցիոն ռիսկերը վերացնել, այլ ոչ թե բոլորին զորակոչել ժամկետային զինծառայության եւ «տաղանդ ունեցող երիտասարդներին զրկել գիտությամբ զբաղվելու հնարավորությունից»:
Բավական հետաքրքիր ու երկակի տպավորություն է թողնում Ա.Իշխանյանի այդ մոտեցումը: Ի վերջո, խոսքը «բանակից ազատվելու համար» անարժեք «ատենախոսություններ» գրողների՞ մասին է, թե՞ «տաղանդ ունեցող երիտասարդների»: Ի վերջո, եթե տարկետման հնարավորության տիրույթում հայտնվում են միայն բանակից ազատվելու համար անարժեք «ատենախոսություններ» գրողները, ապա ո՞ւր են մնում «տաղանդավոր երիտասարդները»:
Ի վերջո, բոլորի վրա զինապարտության օրենքի պահանջը տարածելը ի՞նչ է, եթե ոչ հենց «բանակից ազատվելու» սողանցքի կամ եթե կուզեք՝ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացում: Զորակոչելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը, այո, փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը: Վա՞տ է: Եվ մի՞թե նման մոտեցումը չի ապահովում հենց այն, ինչը սովորաբար բնորոշում են որպես սոցիալական արդարություն:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե կրթությունն ընդհատվում է, սովորածը մոռանում են, ծառայությունից հետո կորցնում են գիտությամբ զբաղվելու կամ կրթությունը շարունակելու մոտիվացիան, ապա դրանք վիճելի դրույթներ են: Ի վերջո, ինչ արժեք ունի որեւէ անձի կուտակած գիտելիքների պաշարը, եթե ընդամենը 1 կամ 2 տարվա ընթացքում կարող է զրոյանալ:
Մ. Սահակյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում