Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանությունը «Ընտրությունների ժամանակ ոստիկանության ուղեցույցի» կիրառման վերլուծությունը նպատակահարմար չի համարում

Հոկտեմբեր 12,2017 11:02

ՀՀ Ոստիկանությունը մինչ ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունները մշակեց և հանրային քննարկման ներկայացրեց «Ընտրությունների ժամանակ ոստիկանության ուղեցույցի» նախագիծ, որով սահմանվում են ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանների լիազորություններն ու պարտականությունները: ՀՀ Ոստիկանության նախաձեռնությամբ 2017 թ. փետրվարի 2-ին կազմակերպված հանրային քննարկման ժամանակ Ուղեցույցի նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին քաղհասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Ուղեցույցն ավելի ուշ հաստատվեց և կիրառվեց ինչպես ՀՀ ԱԺ, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Հաստատված Ուղեցույցի համաձայն` ոստիկանները ընտրությունների և քվեարկության ժամանակ արձանագրված խախտումները պետք է գրառեին իրենց «Ծառայողական գրքույկներում»: Ուղեցույցը սահմանում էր նաև ոստիկանների գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու մեխանիզմ, որի նպատակով ՀՀ Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվեց օպերատիվ շտաբ:

Երկու ընտրություններից անցել է արդեն չորս ամիս, այդ ընթացքում տեղի են ունեցել նաև տեղական ընտրություններ, սակայն ՀՀ Ոստիկանությունը չի անդրադարձել իր իսկ կողմից հաստատված Ուղեցույցի կիրառման ընթացքում բացահայտված կամ արձանագրված թերություններին: Գուցե Ուղեցույցը արդյունավետ փաստաթուղթ է, և որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա: Սակայն նույնիսկ այս կտրվածքով որևէ գնահատական տրված չէ ՀՀ Ոստիկանության կողմից: Այն նախաձեռնողականությունը, որին ականատես եղանք մինչ Ազգային ժողովի ընտրությունները՝ Ուղեցույցի մշակման, նրա նախագծի հանրային քննարկման ժամանակ, չենք տեսնում հետընտրական ժամանակահատվածում: ՀՀ Ոստիկանությունը ոչ միայն ոստիկանների՝

Ուղեցույցով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակել, այլև չի փորձել Ուղեցույցի կիրառման, դրա արդյունավետության վերաբերյալ արձագանքներ ստանալ քաղաքացիական հասարակությունից: Պարզ չէ՝ որևէ վերլուծություն կատարվել է, թե ոչ, և արդյոք գնահատվել է Ուղեցույցի կիրառման ընթացքը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հուլիսի 10-ին նշված հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմեց ՀՀ Ոստիկանություն: Տեղեկատվական հարցմամբ ակնկալում էինք ստանալ Ուղեցույցի կիրառման վերաբերյալ իրականացված վերլուծության, «Ծառայողական գրքույկներում» գրառված խախտումների բնույթի, տեսակի, նրանց ուղղությամբ ոստիկանների իրականացված գործողությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: 2017 թ. հուլիսի 28-ին ՀՀ Ոստիկանության շտաբի պետ Հովհ. Քոչարյանը պատասխան գրությամբ հայտնեց, որ բացի վարչական իրավախախտումների և հանցագործության դեպքերից՝ Ուղեցույցի այլ դրույթների վերլուծություն իրականացնելը նպատակահարմար չէ: «ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրություններից հետո ՀՀ Ոստիկանությունում իրականացվել է ոչ թե ուղեցույցի կատարման, այլ տեղի ունեցած իրավախախտումների վերլուծություն». նշված է Ոստիկանության շտաբի պետի պատասխանում:

Ավելի վաղ՝ 2017 թ. մայիսի 29-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակահատվածում ընտրական խախտումների հիման վրա հաղորդումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով դիմել էր ՀՀ Ոստիկանություն: ՀՀ Ոստիկանությունը տեղեկատվական հարցմանը տված պատասխանում հայտնել էր, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում ստացված 754 հաղորդումներից 223-ը ներկայացրել են ոստիկանները, սակայն ծառայողական գրքույկներում դրանց գրանցման վերաբերյալ այլ վերլուծություն, քան հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի ուղղությամբ, չի կատարվել: Փաստորեն ՀՀ Ոստիկանությունը հաստատել և կիրառում է կարևոր Ուղեցույց, որի կիրառման արդյունավետությունը մինչ այժմ չի գնահատվել:  Այս ամենից կարելի՞ է ենթադրել, որ Ուղեցույցի ներդրումն ու կիրառումը ավելի շատ նախընտրական նշանակություն ուներ, և ոչ թե ոստիկանության գործունեության բարեփոխման կամ արդյունավետության բարձրացման նպատակ: Ինչևէ, կարծում ենք, ՀՀ Ոստիկանությունն անպայման կանդրադառնա մեր կողմից բարձրացված հարցերին, իսկ մենք պատրաստ ենք ինչպես ԱԺ ընտրությունների նախօրեին, մեր մասնակցությունն ունենալ Ուղեցույցի կիրառման գնահատման աշխատանքներին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031