Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երեւանի ավագանու որոշմամբ, երեկ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչման արժանացան կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Սիրված հաղորդավարուհի Նարա Շլեպչյանն ասում է, որ իր համար այդքան էլ անակնկալ չէր, որովհետեւ մի քանի տարի առաջ դարձյալ այդպիսի խոսակցություն կար, բայց ինքը երբեք չի խառնվել նման բաների. «Չեմ ձգտել հատուկ ինչ-որ մի բան ստանալու, բայց այդպես է ստացվել։ Ամբողջ կյանքս պայքարել եմ անկախության համար, պատերազմի ժամանակ օգտակար եմ եղել, այնպես եմ աշխատել իմ ողջ կյանքում եւ այնպիսին եմ եղել, որ մինչ օրս ժողովուրդն ինձ հարգում է, սիրում, չի մոռանում եւ շնորհակալություն է հայտնում։ Հիմա ես չգիտեմ ինչի համար են տալիս։ Մի կողմից՝ դա ինձ համար ե՛ւ կարեւոր էր (չնայած կարծում եմ, որ ավելի երիտասարդ տարիքում պետք է տրվի), մյուս կողմից էլ՝ բնականոն է այն առումով, որ ես ամեն ինչ արել եմ, որպեսզի մեր ժողովրդի ներկայացուցչական կերպարը բարձր պահեմ եւ ազնիվ լինեմ»։
Որպես Երեւանի բնակիչ՝ տիկին Շլեպչյանը մտահոգված է նաեւ քաղաքի խնդիրներով՝ տրանսպորտից մինչեւ կառուցապատում. «Ես կուզեմ, որ այդպիսի ծանրաբեռնվածություն չլինի՝ շենքերի կառուցման իմաստով, սեյսմիկ գոտում ենք ապրում, եւ պիտի մի քիչ օդ լինի, որ կարողանանք շնչել։ Իմ տան դիմացն էլ շենք կառուցեցին, նայեցի, նայեցի ու տեսա, որ կտոր մը երկինք է երեւում, ուրախացա, որ գոնե այդ կտոր մը երկինքը կա։ Այդպես չպետք է լինի, պետք է ծառաշատ լինի Երեւանը։ Թո՛ղ մաքուր լինի մեր քաղաքը, մարդիկ հարգանքով վերաբերվեն ոչ միայն միմյանց հանդեպ, այլեւ հենց քաղաքի։ Ուզում եմ հին շենքերի այդ հանճարեղ եւ անկրկնելի ճարտարապետությունը մնա, հատուկ ուշադրություն դարձվի հին Երեւանին։ Ուզում եմ երբեք չտեսնել աղքատ մարդկանց, կարիքավորների։ Ես հուզվում եմ, երբ իմ տան շրջապատում տեսնում եմ աղբամանները փորփրող մարդկանց, չգիտեմ ինչով օգնեմ նրանց… ափսոս՝ ես մի քիչ հարուստ պետք է լինեի»։
Նարա Շլեպչյանն ուզում է, որ ոչ ոք չհեռանա Երեւանից, քանի որ դա իր համար ահավոր սթրես է. «Ես դրանից տագնապի մեջ եմ ընկնում, այսպես ոնց կլինի, պետք է այնպես անել, որ այս երիտասարդությունը, որ հիմա ավելի լավ կրթություն է ստանում, չթողի գնա, այլ հավաքվեն, համախմբվեն եւ իրենց գիտելիքները ներդնեն։ Սիրե՛ք Երեւանը, մի՛ թողեք, որ հեռանան։ Փոխելու եւ փոխվելու բավականին բաներ կան, իհարկե՝ միանգամից չի ստացվի, բայց երբ տեսնում ես, որ շարժում կա, եւ ուզում են մի բան անել, հուսադրվում ես։ Երեւանն իմ ամենասիրելի օրրանն է, ծնվել-մեծացել եմ այստեղ, ընտանիքով անընդհատ քննարկում ենք, վերլուծում, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, ինչպես կարելի է շտկել»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում