Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերում մնացած վտանգ

Հոկտեմբեր 12,2017 15:00

Անթույլատրելի է Հայաստանի երիտասարդների մեջ ռազմահայրենասիրության սերմանումը օտարներին վստահելը

Անցած շաբաթ լրատվամիջոցներում ամենաշատը խոսվեց երկու թեմայից. հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ եւ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստ եւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուք: Բայց վտանգավոր զարգացում ենթադրող մի թեմա ստվերում մնաց, անգամ ոչ բոլոր լրատվամիջոցները հրապարակեցին այս լուրը: ՀՀ պաշտպանության նախարարության կայքում հոկտեմբերի 5-ին տեղադրվել է հետեւյալ լուրը. «Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովին:

Զրույցի ընթացքում Նիկոլայ Զեմցովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել հասարակական շարժման գործունեության շրջանակներն ու առաջիկա ծրագրերը: Ընդգծելով հայ ժողովրդի մեծ ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարեւորել է ավագ սերնդի սխրանքը վառ պահելու, սերունդների միջեւ կապն ամրապնդելու եւ երիտասարդության շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործում «Անմահ գնդի» գաղափարի ներքո իրականացվող միջոցառումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համագործակցության եւ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները»:

Ռազմահայրենասիրությունը մաթեմատիկա կամ ֆիզիկա չէ, որ աշխարհի ցանկացած ծայրում էլ նույնը լինի: Բազմիցս է ասվել. մոլորակի մակարդակով հակաահաբեկչական պայքարը չի ստացվում, որովհետեւ մեկի չափանիշներով ահաբեկիչը մյուսի համար ազատամարտիկ է: Հայտնի փաստ է՝ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը տարբեր ժամանակներում Վրաստանից ու Ուկրաինայից կտորներ էր պոկում, Պուտինի վարկանիշը ամենաբարձրն էր իր երկրում: Նրանց ռազմահայրենասիրությունը ուրիշինը իրենցով անելն է: Հայաստանի Հանրապետությունը ոչ մի նախագահի օրոք հարեւանի ունեցածը չի խլել: Մենք ազգովի տեր ենք կանգնել մեր հողին, ընդամենը թույլ չենք տվել, որ մեզ կոտորեն, իրենցով անեն մեր ունեցվածքը: Իհարկե, ոչ միշտ է ստացվել:

Նիկոլայ Զեմցովը Վլադիմիր Պուտինի քաղաքական հենարան «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է: Այլ խոսքով՝ համաձայն է Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության հետ, այդ թվում՝ բոլորից ինչ-որ բան պոկելու հարցում: Ու ամենաքիչը վտանգավոր է նման մարդուն վստահել Հայաստանի երիտասարդության շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործը: Ի՞նչ պետք է սովորեցնի մեծապետական նկրտումներ ունեցող կուսակցության ներկայացուցիչը մեր երիտասարդներին: Եթե խոսքը միայն Հայրենական պատերազմում մեր պապերի սխրանքների մասին է, եթե այդ մասին Հայաստանի դպրոցների պատմության դասագրքերում քիչ է գրված, պետք է լրացնել այդ բացը՝ առանց ռուս իշխանական պատգամավորի միջամտության: Օրինակ՝ գրել, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, զոհվել է 200 հազարը, 103 հայ Խորհրդային Միության հերոս է դարձել, ավելի քան 70 հազարը՝ տարբեր մեդալներ եւ շքանշաններ ստացել: Անգամ հայ Սփյուռքն է օգնել ֆաշիզմի դեմ պայքարին եւ անձնական միջոցներով ձեւավորված «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն նվիրել խորհրդային բանակին: Վստահ եմ, որ Ռուսաստանի դպրոցների պատմության դասագրքերում եւ ընդհանրապես գրականության մեջ այս ամենը չկա: Եթե լիներ, ռուս պատգամավորը տեղյակ կլիներ: Մինչդեռ, ըստ ՊՆ հաղորդագրության, Վիգեն Սարգսյանն է ռուս պատգամավորին պատմել ֆաշիզմի դեմ պայքարում հայերի մեծ ավանդի մասին: Անթույլատրելի է ու վտանգավոր հայերի հերոսական անցյալից անտեղյակին հայի ռազմահայրենասիրության գործը տալը կամ գործին մասնակից դարձնելը:

Վերջին 25-27 տարում Ռուսաստանը կտոր-կտոր իրենով է արել Հայաստանն ու մեզ դարձրել «Եվրասիական տնտեսական միություն» կոչվող միավորման անդամ, որտեղ հավաքվածները ավելի շատ Ադրբեջանի մասին են մտածում, քան Հայաստանի: Ռուսաստանը փորձեց մեզնից խլել մեր լեզուն: Չստացվեց: Առայժմ: Ու հիմա որոշել է սկսել երիտասարդությունից: Ռազմահայրենասիրության ռուսական տարբերակով դաստիարակված հայաստանցին առանձնապես չի ընդվզի, երբ ռուսերենը դառնա պետական լեզու կամ մաշտոցյան տառերի փոխարեն կիրառվի կիրիլիցա: Նաեւ այս պատճառով անթույլատրելի է ու վտանգավոր հային ռուսական ռազմահայրենասիրություն տալը:

Ռուսաստանը մեզ բարեկամ է ասում, բայց անթիվ-անհամար զենք տրամադրում մեր ոչ բարեկամ հարեւանին ու հայտարարում, որ հակամարտության կողմերից մեկին զենք վաճառելը խորացնում է հակամարտությունը: Ասա մի բան, արա դրա հակառակը՝ ահա ռուսական տրամաբանությունը: Նաեւ այս պատճառով անթույլատրելի է ու վտանգավոր հային ռուսական ռազմահայրենասիրություն տալը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ Վիգեն Սարգսյանն ու Նիկոլայ Զեմցովը քննարկել են համագործակցության եւ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: Առաջարկում եմ ապրիլյան պատերազմի մասնակից մեր զինվորներին մեկ ամսով գործուղել Ռուսաստանի տարբեր քաղաքներ՝ ռազմահայրենասիրական դասախոսություններ կարդալու: Մեր զինվորները կկարողանան բացատրել՝ ինչպես պաշտպանել քո տունը՝ աչք չտնկելով ուրիշի տան վրա: Պարզ սկզբունք, որ այսօր այդքան պակասում է Ռուսաստանին:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

11.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031