Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդցիները կարծում են, որ նավթավերամշակման գործարանը «ռումբ» է

Հոկտեմբեր 12,2017 14:30

Գործարանատերն էլ վստահեցնում է, որ ամեն բան անվտանգ է

Եղվարդ քաղաքի ՆԱՏԻ թաղամասի մի խումբ բնակիչներ վարչապետին եւ նաեւ պետական 7-8 գերատեսչության ղեկավարների բողոք-նամակ են գրել` մտահոգություն հայտնելով, որ հայտնվել են «ատոմային ռումբի» վրա: Բանն այն է, որ ԱՐՄՕՅԼ ընկերությունը մտադիր է բնակելի թաղամասին մոտ նավթամթերքի արտադրություն հիմնել, ինչն էլ հարուցել է եղվարդցիների մտահոգությունն ու զայրույթը: Նրանք համոզված են, որ գործարանն իրենց համար էկոլոգիական ու անվտանգության լուրջ խնդիրներ է առաջացնելու:

Բնակիչների խոսքով՝ իրենք ստիպված են լինելու արտադրությունից արձակվող ծուխն ու գոլորշին շնչել, քանի որ գործարանը շատ մոտ է գտնվում իրենց բնակելի տներին: Եղվարդցիների խոսքով՝ իրենց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ այդ վայրում նման արտադրություն հիմնելով՝ աղետալի վիճակ կստեղծվի հարակից այգիների ու արոտավայրերի եւ նաեւ՝ մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների համար:

«Առավոտի» հետ զրույցում բնակիչներից Կամո Դավիդյանն ասաց, որ իրենք, ի թիվս այլ կառույցների, դիմել են նաեւ արտակարգ իրավիճակների նախարարություն, որպեսզի վերջինս եզրակացություն տա կառուցվող գործարանի` շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունենալու, անվտանգ լինել-չլինելու համար, սակայն առայժմ պատասխան չեն ստացել: Բնակիչների ներկայացմամբ՝ իրենց ստույգ տեղեկատվություն չեն տվել, թե իրականում այդտեղ ինչ է կառուցվում, եւ այստեղից-այնտեղից ու մեկ էլ արդեն տեղադրված բազաներից են հասկացել, որ տարածքի սեփականատերը պատրաստվում է նավթամթերքի արտադրություն հիմնել: Նշյալ հատվածում շինարարությունն արդեն ընթանում է: Բնակիչները նաեւ նշեցին, որ Եղվարդի քաղաքապետարանն էլ որեւէ պարզաբանում չի տալիս, թե ինչն ինչոց է, ուստի իրենց հարցերի պատասխանները երկրի վարչապետից, բնապահպանության նախարարից, նախագահի վերահսկողության ծառայությունից ու մնացած պատկան կառույցներից են ակնկալում:

Երեկ բնակիչների բողոքի առնչությամբ «Առավոտը» դիմեց Եղվարդի քաղաքապետարան: Փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանն ընդամենը շինարարության թույլտվություն է տվել, ոչ թե գործունեության. «Շինարարությունն ինքն իրենից վտանգ չի ներկայացնում: Իսկ գործունեություն ծավալելու թույլտվություն կտան կամ չեն տա այլ համապատասխան մարմինները, դա մեր գործառույթներից դուրս է»,- ասաց պարոն Հարությունյանը: Ըստ նրա՝ իրենց կողմից սեփականատիրոջը տրված միակ փաստաթուղթը շինարարության թույլտվությունն է, որն էլ տրվել է արդեն քաղաքաշինական փորձաքննություն անցած նախագծի հիման վրա. «Շինարարության թույլտվություն ունեն, որի գոտիները պահպանված են: Եթե մնացած թույլտվություններն էլ լինեն, փորձաքննություններն էլ լինեն համապատասխան կառույցներից, ապա քաղաքապետարանը չի կարող միջամտել, եւ մենք միայն կողջունենք, որովհետեւ մեր համայնքում աշխատատեղ է բացվում»:

Իսկ արդեն ունեն նման գործունեության թույլտվություն, թե ոչ՝ պարոն Հարությունյանը չէր կարող ասել, քանի որ քաղաքապետարանն առայժմ այդ մասին տեղեկատվություն չէր ստացել:

Գործարանի սեփականատեր Ալֆրեդ Աբեդին, սակայն, «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք «ոչ մի անօրինական աշխատանք չեն կատարում» եւ ինչ որ անում են` անում են թույլտվությունների հիման վրա: Պարոն Աբեդին նշեց, որ առավոտյան երկու ժամից ավելի հանդիպել է բնակիչներին ու պարզաբանումներ ներկայացրել, պատասխանել նրանց մտահոգություններին:

«Ինչ որ նրանք լսել են՝ սխալ է, նույնիսկ հարեւանությամբ այդ այգու տերը, որի մասին նույնպես ասում են, գրավոր համաձայնություն է տվել մեզ: Մենք մեր աշխատանքների վերաբերյալ ունենք բոլոր հնարավոր փաստաթղթերը, թույլտվությունները, հարակից այգու տիրոջ համաձայնությունը»,- ասաց Ալֆրեդ Աբեդին: Մեր այն հարցին, թե հաստատո՞ւմ եք, որ այդտեղ նավթամթերքի արտադրություն է լինելու, պարոն Աբեդին պատասխանեց` «կապ ունի նավթամթերքի արտադրության հետ»: Պարոն Աբեդին հարցրեց` արտադրությունը մարդիկ ո՞նց են պատկերացնում: Մեր այն դիտարկմանը, թե իրենք մտածում են` դա «ռումբ է լինելու իրենց տակ», մեր զրուցակիցն ասաց` իրենք սխալ են պատկերացնում:

Ըստ նրա՝ այդ տարածքում ո՛չ ծուխ է լինելու, ո՛չ վերամշակման աշխատանք, ո՛չ հոտ, ո՛չ ձայն եւ ոչ էլ էկոլոգիական խնդիր. «Միջազգային բոլոր ստանդարտները նախատեսված են, մոտ 2500 քառակուսի մետր կանաչապատ տարածք է այդտեղ նախատեսված, բոլոր նորմերը պահպանված են, ոչ մի պայթյունավտանգ, ռումբային, ատոմային ռումբ եւ այլն ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում: Այլ կերպ չի կարող լինել: Մեզ համար կարեւորը ոչ թե լրատվամիջոցներին համոզելն է, այլ այն, որ մենք հարեւաններ ենք բնակիչների հետ, եւ կարեւոր է, որ նրանք ճիշտ տեղեկություն ունենան, եւ եթե բողոքում էլ են, ապա տեղեկացված բողոքեն: Ասում եմ` բողոքելը ձեր իրավունքն է, բայց ասում եմ` տեղեկացված բողոքեք: Այսինքն` տեղյակ եղեք` ինչի համար եք բողոքում, ու բողոքեք՝ խնդիր չկա: Այսօր երկու ժամ իրենց հետ խոսել եմ, մանրամասն իրենց ներկայացրել եմ եւ ասել եմ` երբ մտահոգություն ունեք, կարող եք կապվել ինձ հետ: Բնակիչներից շատերը չգիտեին անգամ, թե այդտեղ ինչ է կատարվում: Բազաները մեկուկես տարի է՝ այդտեղ դրված են, աշխատանքները 3 տարի է՝ կատարվում են, եւ երկու տարի է՝ ոչ մի բողոք չի եղել: Ուղղակի խնդրեցի, որ եթե բողոք ունեն, որպեսզի իրենց բողոքը տեղ հասնի, տեղեկացված լինեն՝ ինչի համար են բողոքում: Եթե մենք սխալ ենք արել, մենք պատրաստ ենք պատասխան տալ: Անհիմն լուրերի վրա բողոքելը դառնում է այն, ինչ այսօր դարձել է»:

Ընկերության սեփականատերը նաեւ ասաց, որ իրենց չափորոշիչներն ու նորմերը համապատասխանեցված են Գերմանիայի եւ Միացյալ Էմիրությունների ընկերությունների չափանիշներին. «Այսինքն` միջազգային ստանդարտներին, նորմերին համապատասխան: Ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում նմանատիպ բան գոյություն չունի»,- նկատում է պարոն Աբեդին:

Մեր այն հարցին էլ, թե բնակիչները մտահոգ են, որ արտադրամասը շատ մոտ է գտնվում բնակելի թաղամասին, պարոն Աբեդին պատասխանեց. «Իմ տարածքը որ գնել եմ, ասֆալտի գծից 16 մետր հետ եմ գնացել եւ նոր միայն գործարան եմ կառուցել: Այսինքն` 16 մետր դա է, հետո ասֆալտի ճանապարհն է, հետո 30 մետր այն կողմ էլ շենքերն են: Մոտ 100 մետր տարածք է հեռավորությունը»:

Դիմեցինք նաեւ արտակարգ իրավիճակների նախարարություն` ճշտելու, թե արդյոք նախարարությունը տեղյա՞կ է նավթավերամշակման գործարանի գործունեությունից, արդյոք պահպանվա՞ծ են բոլոր այն նորմերը, որոնց շուրջ բնակիչները մի շարք մտահոգություններ ունեն:

Նախարարության լրատվական ծառայությունից «Առավոտին» հայտնեցին, որ գործարարներն իրենց չեն դիմել, եւ որ այս պահին տեղում ընթացող ուսումնասիրությունները բնակիչների դիմումի հիման վրա են կատարվում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ուսումնասիրում է` պահպանվա՞ծ են արդյոք հրդեհային անվտանգության նորմերը եւ այլեւայլ չափորոշիչներ:

Ուսումնասիրության արդյունքները պատրաստ լինելու դեպքում նախարարությունից խոստացան տրամադրել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

11.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031