Լրահոս
Օրվա լրահոսը

Մնջո Ռաֆից մինչեւ Արմենակ Մնջոյան

Հոկտեմբեր 12,2017 14:00

Հարցազրույց «Դրո գործով» ցմահ ազատազրկման դատապարտված
Արմենակ Մնջոյանի դստեր՝ Լաուրա Մնջոյանի հետ

– Մենք հաճախ ենք գրում զուգահեռ հասարակության քաղաքացիների՝ ցմահ դատապարտյալների խնդիրների, նրանց իրավունքների մասին: Սակայն նրանց ընտանիքներին, երեխաներին անտեսում ենք: Մինչդեռ տեսնում ենք, որ ցմահ դատապարտվածների հետ հավասար պատժի ողջ ծանրությունը կիսում են նրանց մերձավորները, նրանց երեխաները: Քանի՞ տարեկան էիր, երբ հայրդ՝ Արմենակ Մնջոյանն ազատազրկվեց:

– 4 ամսական էի, երբ ֆիզիկապես զրկեցին հայրիկիցս, դեռ չհասցրած նրան ճանաչել:

– Դու ե՞րբ ես իմացել նրա գոյության մասին, ե՞րբ հանդիպեցիր, ասել է թե՝ առաջին անգամ տեսակցեցիր նրա հետ:

– Սկզբում շեշտեցի, որ ֆիզիկապես զրկեցին հայրիկիցս, բայց ոչ երբեւիցե: Հոգեպես միշտ ապրել եմ այն մտքով, որ հայրս ինձ հետ է, քանի որ մայրս եւ ընտանիքս որեւէ անգամ չի թաքցրել նրա մասին որեւէ տեղեկություն:

Երբ առաջին անգամ հանդիպեցի հայրիկիս, 2008 թվականին, ես արդեն 14 տարեկան էի: Կարելի է ասել՝ որոշակի չափով իրականացավ երազանքիս մի մասը, բայց ամենակարեւոր մասը դեռ առջեւում է: Առաջին հանդիպման տպավորությունների մասին ինչքան խոսեմ, կխոսենք: Կարող եմ ասել, որ անկրկնելի էր, քանի որ առաջին անգամ գրկել էր 4 ամսականում, իսկ հաջորդը՝ 14 տարեկանում:

– Արդյոք, ձեր ընտանիքին այս տարիներին հանդիպո՞ւմ են, հանդիպեցի՞ն նրա ընկերները:

– Ինչ խոսք, մանկության ընկերներիս հետ կարող եմ ասել կապը պահպանվում է, իսկ հայրիկիս կուսակցական կամ քաղաքական- գաղափարակից ընկերներից եզակի անհատականություններն են, որ պահպանել են կապը:

– Լաուրա, երբ Լեւոն պապիկիդ (լուսանկարում) շնորհիվ մի անգամ եղա ավտոկայանի ճանապարհին գտնվող ձեր տանը, այնտեղ տեսա, որ սրբությամբ պահպանվում էր հայրիկիդ կիթառը, նրա կտավները՝ բնանկարները: Դուք որտեղ եք ապրում ներկայումս, արդյոք, պահպանվե՞լ են նրա նկարները, հիմա նա նկարո՞ւմ է:

– Բնակվում ենք մայրական տանը: Իսկ նկարների մասին բացարձակապես տեղեկություններ չունեմ՝ պահպանված է, թե ոչ: Հայրիկս չի նկարում, քանի որ յուղաներկեր են հարկավոր, համապատասխան պարագաներ, ինչն օրենքով, ցավոք, արգելված է:

– Իսկ երբեւէ նկարելու համար դիմե՞լ եք քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Մենք ունենք նկարիչ դատապարտյալներ, որոնց տրամադրվել են յուղաներկ, նկարելու պարագաներ, ստեղծագործելու համար, անգամ նրանք մասնակցել են ցուցահանդեսների:

– Որքանով որ տեղյակ եմ, հայրս ժամանակին մի քանի անգամ դիմել եւ ստացել է մերժում, քանի որ իրենց դեպքում օրենքով չի նախատեսվում:

– Ինչ հաճախականությամբ եք տեսակցում հայրիկի հետ: Ցմահներից շատերը դժգոհում էին, որ տեսակցությունների ժամանակ իրենց հարազատների մոտ են տանում ձեռնաշղթաներով, ավելին՝ հարազատներին տեսնում են ապակե պատի ետեւում: Այդպե՞ս է:

– Այս տարիների ընթացքում, տեսակցության մտնելիս կամ նախօրոք հայրս է տեսակցության սենյակում գտնվում կամ մենք ենք լինում՝ նոր են իրեն բերում: Նրան երբեւիցե ձեռնաշղթաներով չեմ տեսել: Միգուցե մյուսների պարագայում էլ է այդպես:

– Լաուրա, կարող ես հարցին չպատասխանել: Որքանով տեղյակ եմ, դու եղբայր էլ ունեիր…

– Այո: Ունեի եւ ունեմ: Երբեւիցե չեմ համակերպվում այն մտքի հետ, որ 1999 թվականի դեկտեմբերի 7-ին սեփական աչքիս առաջ կորցրեցի ամենաթանկիս՝ եղբորս: Խնդիրն այն էր, որ 3 տարեկանում լուսահոգի Հրայր Մարուխյանի (ՀՅԴ առաջնորդ) երաշխավորությամբ եւ հովանավորությամբ ԱՄՆ մանկական կենտրոնական հիվանդանոցում կատարել էին սրտի բարդ վիրահատություն եւ նախատեսված էր երկրորդ վիրահատությունը կատարել: Բայց երբ 1994 թվականից հալածանքները սկսվեցին դաշնակցության դեմ, եւ 1995-ից ձերբակալվեցին դաշնակցական գործիչները, որոնց թվում հայրս, արգելեցին մայրիկիս, որ դուրս գա երկրից:

– Հայրդ ուշ իմացավ կատարվածի մասին:

– Այո: Հայրս կատարվածի մասին իմացել է 2008 թվականին:

– Դպրոցն ավարտելուց հետո ինչո՞վ ես զբաղվում, արդյոք, քո ընտրած մասնագիտությանը կո՞ղմ է եղել հայրդ:

– Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երեւանի պետական բժշկական հենակետային քոլեջ: Ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ Երեւանի հայկական պետական բժշկական ինստիտուտ: Մանկուց սիրել եմ հայրիկիս հորեղբորը՝ Հակոբ Մնջոյանին, մարդ, որը մանկուց ինձ ուղղորդեց, որպեսզի ընտրեմ բժշկի ճանապարհը: Ցավոք, վերջերս է կյանքից հեռացել: Հայրս միշտ կողմ է եղել, որպեսզի դառնամ բժիշկ: Չնայած միշտ պնդել է, որ ազատ եմ մասնագիտության ընտրության հարցում:

– Ձեր ընտանիքի սյուներից մեկն էլ պապիդ եղբայրն էր՝ նշանավոր ակադեմիկոս, օրգանական քիմիայի ինստիտուտի հիմնադիր, ԳԱ վիցեպրեզիդենտ  Արմենակ Մնջոյանը:

– Այո, իրավացի եք, սակայն ինչու միայն Արմենակ Մնջոյանը: Կան նաեւ Շուշանիկ Մնջոյանը, Հովհաննես Մնջոյանը, Եղյա Մնջոյանը, հայկական կոնյակների եւ գինիների հիմնական հեղինակներից մեկը, գիտնական Կոնստանտին Մնջոյանը, Զաքար Մնջոյանը…եւ շատ Մնջոյաններ, որոնց ձեր թերթի մի էջը չի բավականացնի:

– Լեւոն պապդ մի անգամ ասաց. մեր ազգը երկու ակադեմիկոս է տվել. քրեական աշխարհում հայտնի «Մնջո Ռաֆը» (լուսանկարում) ու Արմենակը:

– Խոսքն առաքինի անձնավորության, արդարամիտ մեկի մասին է, որն իրականում հալածվել է խորհրդային իշխանությունների կողմից: Նրան ճանաչողները կամ նրա հետ որեւէ շփում ունեցող շարքային քաղաքացիներից մինչեւ բարձրագույն իշխանություններ միշտ էլ հարգանքով եւ երկյուղածությամբ են վերաբերվել նրան, նրա անվան եւ նրա հիշատակի առաջ: Նա զվարթ եւ ներողամիտ անձնավորություն է եղել, բնակվել է Գյումրիում, պապենական այդ տանը հիմա ապրում են նրա եղբոր զավակներն ու թոռները:

– Որպես բժիշկ, արդյոք, հետաքրքրվե՞լ ես, թե ինչ հիվանդություններից են հիմնականում դժգոհում դատապարտյալները, ունե՞ս որոշակի դիտարկումներ այս կապակցությամբ:

-Ցավոք, տեղյակ չեմ հիվանդությունների մասին: Գիտեմ, որ խիստ կենսական նշանակություն ունի ստեղծելու բժշկական մի խումբ, որոնք ժամանակ առ ժամանակ կայցելեն դատապարտյալներին՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, ինչը համահունչ կլինի Հիպոկրատի երդմանը:

– Երեկ հայտարարությամբ հանդես եկավ հայրդ՝ կապված վաղաժամկետ պայմանական ազատման հետ: Ինչպե՞ս ես պատկերացնում քո հետագան:

– Ուզում եմ, որ մի օր ընտանիքիս տեսնել համախմբված, եւ իմ ընտանիքի նման էլ համախմբված տեսնել հայ ժողովրդին՝ ի սփյուռ աշխարհի:

 

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

11.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել