Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը երբեմն խաբեության դռներ է բացում եւ տաղանդավորների, եւ անտաղանդների առջեւ»

Հոկտեմբեր 12,2017 13:30

Ամերիկաբնակ բանաստեղծ, արվեստաբան Թամարա Հովհաննիսյանը՝ արվեստի, գրականության ու Հայաստանի մասին

Վերջերս Հայաստանում էր ամերիկաբնակ բանաստեղծ, արվեստաբան Թամարա Հովհաննիսյանը: Նա մասնակցել է նաեւ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Ասում է՝ տպավորիչ ձեռնարկ էր: «Գիտեմ, որ իրարամերժ կարծիքներ կան, բայց համաժողովի` հենց թեկուզ հզոր ներկայությունն ապահովելը նշան է, որ Սփյուռքը մեծ ցանկություն ունի հայրենի երկրի ճակատագրին եւ կառուցմանը մասնակից դառնալու: Կազմակերպչական գործընթացն ահավոր աշխատատար պրոցես է, եւ ստվերում թողնել դա ու ոտքը դնել վրան, բարձրանալը, միայն նեգատիվը տեսնելը ազնիվ չէ»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Հովհաննիսյանը: Համաժողովի մասին խոսելիս, նա հավելեց. «Ես հասկացա, որ Սփյուռքը անկեղծ մտադրություններ, խանդավառություններ ունի հայրենի երկրի ճակատագրին մասնակցելու, նրա վաղվա օրը կառուցելու առումով, ինչն անտեսելն անհոգի կլիներ: Գործնական ծրագրերի մասին էլ շատ խոսվեց, պահեր եղան, որ մասնակիցները ձանձրացան հաշվետվության պես մոնոտոն մեղայական դրսեւորումներից, բայց կային նաեւ խանդավառության պահեր, արդիական եւ ուժեղ ուշադրություն թելադրող խոսքեր: Ինձ համար հետաքրքիր էր լսել առաջարկները, որոնք հետո կհավաքվեն ու կքննարկվեն իշխանությունների կողմից»:

Հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում տարիներ շարունակ շրջանառվող այն առաջարկին, որ Սփյուռքը պետք է մեկ մարմին ունենա, հայկական ամեն գաղթօջախ պետք է իր ներկայացուցիչը ունենա այդ մարմնում, քանի որ Սփյուռքը միատարր չէ, եւ ոչ ոք իրավունք չունի ողջ Սփյուռքի անունից հանդես գալու: «Նման մարմնի ստեղծումը ինտրիգների տեղիք պիտի տա, ոչ բոլորին կգոհացնեն ընտրված մարդիկ, եւ դա կդառնա ներկայություն՝ ներկայության մեջ, իսկ այժմ Սփյուռքը ներկայություն է սրտացավ մարդկանց: Նման մարմին ստեղծելու համար նախ պետք է Սփյուռքի կայունացումն ապահովել, իսկ հիմա Սփյուռքը խարխլվող պարիսպ է…Կարեւոր գաղթօջախները ցրվում են, ու հայտնի չէ, թե նոր հանգրվաններում նրանց ինչպես կդիմավորեն, նրանք դեռ վերակայանալու անհրաժեշտություն ունեն, ինչը ժամանակատար է»,-ասաց տիկին Հովհաննիսյանը:

Զրույցի ժամանակ անդրադարձ եղավ այն թեմային, արդյոք մրցունա՞կ են մեր արվեստագետները արտասահմանցի ստեղծագործողների համեմատությամբ:

«Մի առիթով ամերիկյան ամսագրերից մեկում գրեցի, որ մշակույթն ամենամեծ դեսպանն է, որն ուղիղ ձեւով ներկայացնում է ժողովրդին եւ ակնկալիքներն ապագայից: Մեզանում սովորություն կա մեր ունեցածը թերագնահատել….Մշակույթի ասպարեզում գործող յուրաքանչյուրը տարածության, կապերի, տպավորությունների ահագնության անհրաժեշտություն ունի, իսկ եթե ստեղծագործող անձին պահում ենք փոքրիկ լեռնաշխարհի մեջ` կտրված արտաքին տպավորություններից, հաղորդակցման պակասի պայմաններում, երբ նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում «դրսում», եւ ինչպես է ընթանում արվեստը` որպես երեւույթ, որպես աշխարհի դեմքը ներկայացնող գեղարվեստականացված անմահություն, ինչպե՞ս կարող ենք ակնկալիքներ ունենալ հավասարակշռության…Փորձի փոխանակում պետք է լինի, փոխադարձ ցուցադրություններ: Իմ կարծիքով՝ Հայաստանում հզոր ստեղծագործող ուժի առկայություն կա, իհարկե, անգործությունը կամ օրերի պարապը լցնելու մարմաջով շատ-շատ մարդիկ եւս գրիչ կամ վրձին են վերցնում, դա էլ իր հոգեբանական բացատրությունն ունի, մարդիկ ուզում են ինքնափրկության հնարներ որոնել, ինչ-որ ձեւով թողնել իրենց ոտնահետքը: Ցավոք, մարդիկ շատ անգամ երջանիկ չեն իրենց ապրած օրերի մեջ եւ ուզում են խուսանավել իրականության դժվարություններից, ուզում են ապրել վերացական ինքնաստեղծ միջավայրում, իսկ արվեստը նման խաբեության դռներ երբեմն բացում է եւ տաղանդավորների, եւ անտաղանդների առջեւ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես ջոկել կորեկը ոսկուց, դա արդեն փորձառու արվեստաբանի, արվեստի դաշտում ամրապնդված փորձառու գործարարի գործն է, թե ոչ մի արվեստագետ չի կարծում, որ ինքը մյուսից ավելի վատն է»,-ասաց բանաստեղծուհին:

Գրականության մասին էլ խոսեցինք: Թամարա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, լավ գրականությունն ազնիվ գրականությունն է, չգողացված գրականությունը, այն գրականությունն է, որը ստեղծող ձեռքը չի մտածում փառքի մասին, այն գրականությունն է, որն ինքնահաղորդակցման ուղիղ եզրեր ունի, եւ այն գրականությունը, որ ծառայում է մարդկանց մեջ բարություն, մաքրություն սերմանելուն, աշխարհի հանդեպ հետաքրքրություն արթնացնելուն:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, արդյոք արվեստագետը պետք է լինի՞ քաղաքացի, հրապարակներում ձեռքը բարձրացրած` ժողովրդի հետ մասնակցի բողոքի ցույցերի:

«Դժվար է երկու տիրոջ ծառա լինելը…Եվ հետո, մեծ արվեստագետների թիվը, որոնք ժողովրդի մեջ սրբության համարում ունեն, այսօր, ցավոք, սակավանում է: Նրանցից շատերին իրենց վերջին հանգրվաններն ենք ուղարկել: Նրանց համար անհրաժեշտություն է օրհասական պահերին, ժողովրդի մեջ տագնապներ հարուցող պահերին լինել մարդկանց կողքին եւ արտահայտել իրենց վերաբերմունքը: Իսկական արվեստագետը չի կարող իր ժամանակի մասը չդառնալ, իսկական արվեստագետը չի կարող չապրել իր ընթերցողի, հանդիսատեսի, իր շուրջը ապրող մարդկանց տագնապներով: Հնարավոր չէ վակուումային իրավիճակ ստեղծել, արվեստագետին դնել երեւակայությամբ ստեղծված շքեղ աշտարակի մեջ եւ ասել՝ գնա, գրիչդ թաթախիր Պառնասի ջրերում եւ գոհարներ իջեցրու ներքեւ՝ ներքեւում ապրող խավարասերների համար… Ավելի ազնիվ է, երբ ստեղծագործող մարդը իր իրականության մի մասն է, դա ճակատագրի ընծա է կամ անեծք: Չի կարելի ապրել առանձնության մեջ եւ չի կարելի ստեղծագործել, երբ արտաքին տպավորություններ չկան»,-ասաց տիկին Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, եթե ստեղծագործողը «դրսի» հույզերին ծանոթ չլինի ու չհարաբերվի «դրսի» հետ, կսկսի ինքն իրենց գողություն անել: Իհարկե, կան նաեւ թափառիկ սյուժեներ, թափառիկ հույզեր, որոնք Թամարա Հովհաննիսյանի ասելով՝ գունավոր թիթեռներ են, բայց ամեն մեկի բռնած թիթեռը տարբեր է մյուսի թիթեռից, եւ յուրաքանչյուրն այն ներկայացնելիս ուրիշ բառ ու բան է օգտագործում:

Հավելենք, որ Թամարա Հովհաննիսյանն անդամակցում է Ամերիկյան Կոնգրեսի Գործարար խորհրդին, Հայաստանից դուրս գործող գեղարվեստի տարբեր ակադեմիաների պատվավոր դոկտոր է, ժամանակին արժանացել է Ռոնալդ Ռեյգանի անվան ոսկե մեդալի, ինչպես նաեւ հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանման, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալին:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

11.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031