Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ռազմաճակատներում տարած հաղթանակներից» մեկը վերականգնվում է

Հոկտեմբեր 12,2017 13:00

Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան կրկին վայելելու հնարավորություն կունենանք մաեստրո Օրբելյանի նախաձեռնությամբ

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային օպերային թատրոնում 1993թ. կայացավ Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի պրեմիերան: Բեմադրող դիրիժորն էր Օհան Դուրյանը, ռեժիսորը՝ Տիգրան Լեւոնյանը:

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ ընթանում են լեւոնյանական այս բեմադրության վերականգնողական աշխատանքները, պրեմիերան էլ նշանակված է հոկտեմբերի 28-ին:

1995թ. «Պողիկտոսը» ներկայացվել է Մեծ թատրոնում, 1998-ին՝ Իսպանիայի Մերիդա քաղաքում անցկացվող օպերային արվեստի միջազգային փառատոնում:

Դոնիցետին իր օպերան ստեղծել է ֆրանսիական կլասիցիստական դրամայի դասական՝ Կոռնելիի ողբերգության հիման վրա: Դրամատուրգը, իր իսկ վկայությամբ՝ պիեսի նյութը քաղել է 16-րդ դ. բյուզանդացի պատմաբան Սիմեոն Մետաֆրասթեսի «Վարք սրբոց» աշխատությունից: Հեղինակն իր հուշերում մասնավորապես գրել է. «Պողիկտոսն ապրել է 250 թվականին, հայ էր… Նա պատռեց կայսրի հրամանը, փշրեց կուռքերի արձանները, որոնք զետեղված էին պատվանդանների վրա՝ պաշտվելու համար հայերի կողմից… Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքին՝ վերադառնալ հնոց հավատքին, Պողիկտոսը քրիստոնեություն ընդունեց, ենթարկվեց հետապնդումների եւ հենց աներոջ կողմից էլ ի վերջո տանջամահ արվեց»: «Պողիկտոսի» պարտիտուրը Գոհար Գասպարյանի խնդրանքով Հայաստան է բերվել Ամենայն հայոց կաթողիկոս՝ երջանկահիշատակ Ն. Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Վեհափառի եւ Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ: Այն տարիներին հիշյալ ներկայացման մեջ զբաղված են եղել ճանաչված մեներգիչներ Անահիտ Մխիթարյանը, Հասմիկ Հացագործյանը, Վալերի Հարությունյանը, Կոնստանտին Սիմոնյանը, Միքայել Հովակիմյանը, Սարգիս Թորոսյանը: Պարերը բեմադրել է Վիլեն Գալստյանը, երգչախումբը պատրաստել է Կարեն Սարգսյանը, զգեստների դիզայնը Մերի Սարգսյանինն է, դեկորների հեղինակ՝ Սաֆրոնով:

Լեւոնյանի բեմադրությանն անդրադարձել են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի ճանաչված արվեստագետներ, օրինակ՝ Սոս Սարգսյանը գրել է. «Արցախի ռազմաճակատներում տարած հաղթանակների շարքը պետք է դասել «Պողիկտոսի» այս բեմադրությունը… Քանի որ ժողովուրդները հաստատվում են ոչ միայն զենքով, այլեւ բարձրաճաշակ, ճշմարիտ արվեստով…»:

Իսպանական Ezremadura պարբերականի ձեւակերպմամբ՝ «այս ներկայացման մեջ Հայաստանը վերագտնում է եւ հաստատում սեփական հավատքի անհրաժեշտությունը: Հայ բեմադրիչը այս գործը կապում է իր երկրի բարդ քաղաքական եւ տնտեսական իրավիճակի հետ»: Անվանի արվեստագետ Վիտտորիո Ռոսիի խոսքերով էլ՝ «Հայաստանում ռեժիմների բախում է, անցումային սով, ցուրտ ու մթություն, իսկ օպերայում հայերը քրիստոնեությունը գովերգող Դոնիցետի են բեմադրում»: Ակադեմիկոս Ռուբեն Զարյանն էլ կարճ ու կոնկրետ արտահայտվել է. «Հիացած նայեցի, լսեցի եւ գնում եմ տուն՝ հպարտ մարդու զգացումով», Լեւոն Հախվերդյանն էլ՝ «Եկա, տեսա, հաղթվեցի»: Էդվարդ Միրզոյանի ձեւակերպմամբ՝ «այս ներկայացումը կարելի է ցուցադրել ամեն տեղ, ուր սիրում ու հասկանում են իտալական օպերան, դասական արվեստը: Եվ ինչ ուրախություն, որ այդ օպերան՝ «Պողիկտոսը», իր վերածնունդը Հայաստանում ապրեց»:

Տեսարաններ լեւոնյանական «Պողիկտոսից»:

«Պողիկտոսի» վերականգնման աշխատանքները վստահված է Ժաննա Թամիզյանին, որը թատրոնում աշխատում է ավելի քան 50 տարի (բալետի արտիստից մինչեւ բալետային խմբի տեսուչ): Մեզ հետ զրույցում տիկին Թամիզյանն ասաց, որ տարիներ շարունակ եղել է Լեւոնյանի կողքին, մասնակցել ոչ միայն «Պողիկտոսի», այլեւ Վերդիի «Օթելլո», Լեոնկավալոյի «Պայացներ», Չուխաջյանի «Կարինե», «Արշակ Երկրորդ», Տիգրանյանի «Անուշ» եւ այլ, թվով 9 օպերաների բեմադրական աշխատանքներին: Ասաց նաեւ, որ վերականգնած բեմադրության ժամանակ հանդիսատեսը կհանդիպի օպերային թատրոնի ճանաչված մեներգիչներ Անահիտ Մխիթարյանին, Հասմիկ Հացագործյանին, Առնոլդ Քոչարյանին, Հայկ Տիգրանյանին, Պերճ Քարազյանին, Արա Ավանյանին, Դավիթ Բաբայանցին, Տիգրան Կոնինյանին… «Ինտենսիվ փորձեր են ընթանում Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ՝ երգչախմբում, Հարություն Արզումանյանի՝ նվագախմբում»,- հավելեց տիկին Թամիզյանը: Հիշեց ու մեջբերեց Տիգրան Լեւոնյանի հետեւյալ միտքը. «Ինձ համար համաձուլվածքային թատրոնը կյանքի մոդելն է՝ այս ներդաշնակ ու աններդաշնակ, այս հաշտ ու հակասական, համաձույլ ու անմիաբան, այս հրճվալից ու ողբերգական աշխարհի մոդելը»: Հիշեց կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինի հիմնադրամի նախագահ Վալերի Սկրյաբինի խոսքը մոսկովյան բեմադրությունից հետո. «Այ քեզ օպերա, այ քեզ հայեր: Մեզ համար շատ բան հայտնություն էր այստեղ»: Տիկնոջ մոտ տպավորված էր նաեւ Խորեն Աբրահամյանի հետեւյալ միտքը՝ «եթե իմ երկրում այսպիսի օպերա է ծաղկում, այդ երկիրը ապրելու է միշտ…»:

Մեր զրուցակիցը չմտաբերեց «Իզվեստիա» թերթի մեկնաբանի անունը, սակայն հավաստիացրեց, որ արվեստի վաստակավոր գործիչը, պատմական գիտությունների դոկտորն ու պրոֆեսորը թերթում գրել էր. «Մեծ թատրոնն արդեն վաղուց չէր տեսել նման ներկայացում: «Պողիկտոսը» համաշխարհային կարգի ներկայացում է, որ պիտի տեսնեն աշխարհիս բոլոր մայրցամաքները եւ ցանկալի է՝ հայկական բոլոր գաղթօջախները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031