Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ զորավարժարաններից մեկում այսօր շարունակվել է ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2017» զորավարժությունը, որին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի միացյալ ուժերը: «Զորավարժության անվանումն արդեն իսկ ամեն ինչ ասում է: Մենք արդեն նախանշել ենք օպերատիվ արձագանքման ուժերի առաջադրանքները եւ խնդիրները, ու այսօրվանից գործնական քայլերն են իրականացվում: Մեր երկրների զինված ուժերն անհատապես պատրաստ են խնդիրները լուծելու, իսկ ահա փոխգործակցությունն այստեղ է մշակվում՝ ՀՀ զորավարժարաններում»,-լրագրողների հետ զրույցում զորավարժությունների ընթացքն այսպես ներկայացրեց ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանն էլ նշեց՝ համաձայն ՀԱՊԿ համապատասխան պայմանագրերի, կառույցի միացյալ ուժերը պետք է որոշակի սպառնալիքների դեպքում ընդգրկված լինեն անհրաժեշտ գործողություններում. «Ըստ իրադրության զարգացման՝ զորավարժության խնդիրը բարեհաջող կերպով իրականացվեց զորքերի կողմից»:
Հավելենք, որ զորավարժությունների արդյունքները կամփոփվեն եւ ընդհանրական գնահատականի կարժանանան մի քանի օրից:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ