«Էրեբունի Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից 4-րդ անգամ իրականացվող սոցիալական ծրագիրը, որն այս տարի անցկացվում էր «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո, հոկտեմբերի 2-11-ն, այսօր մոտեցավ ավարտին:
9 օր շարունակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շուրջ 100 աշխատակիցներից բաղկացած խմբերն այցելել են մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ, փոխանցել նրանց Երևանի քաղաքապետի շնորհավորանքն ու անակնկալ նվերներ՝ կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, էլեկտրական վառարաններ, փոշեկուլներ և այլն:
Սոցիալական ծրագրում ընդգրված 2799 ընտանիքների շարքում եղել են սիրիահայեր, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում՝ ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ: Հատկանշական է, որ ծրագրով շնորհավորանքներ և նվերներ են ստացել նաև մայրաքաղաքում բնակվող մի շարք արվեստագետներ, գիտնականներ, բուժաշխատողներ, մանկավարժներ և այլ վաստակաշատ անձիք:
«Սոցիալական ոլորտի մեր մասնագետների աշխատանքի շնորհիվ արել ենք ամեն ինչ, որպեսզի բացառենք կրկնությունները նախորդ տարիների համեմատ, ինչպես նաև բարձրացնենք ծրագրի հասցեականությունը: 9 օր տևած այցերի ընթացքում խնդիրներ չեն առաջացել, ամեն ինչ իրականացվել է մեծ սիրով ու հոգածությամբ՝ մեր համաքաղաքացիների մոտ տրամադրություն և տոնի զգացողություն ստեղծելու նպատակով:
Իսկ քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությամբ ստացված՝ ծրագրի մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնող մեր համաքաղաքացիների բոլոր զանգ-դիմումները կուսումնասիրվեն՝ հնարավորության դեպքում հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի հիմնադրման օրվան նվիրված սոցիալական ծրագիրն իրականացվում է 4-րդ տարին անընդմեջ և արդեն հասցրել է սիրվել մայրաքաղաքի հազարավոր բնակիչների կողմից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն