Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, երբ քննարկվում էին «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետեւանքներ կան», Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը զեկույցները, թեժ քննարկում տեղի ունեցավ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության խնդիրների հետ:
Սակայն այս քննարկման ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության որևէ անդամ ելույթ չունեցավ, թեև հերթագրված էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Իսկ տիկին Նաղդալյանից հետո, երբ երկու եվրոպացի պատվիրակ ելույթ ունեցավ, նիստը նախագահողը փակեց քննարկումը: Այդպես էլ հերթ չհասավ հերթագրված մյուս հայ պատվիրակներին` Նաիրա Զոհրաբյանին և Արփինե Հովհաննիսյանին:
Aravot.am-ը տիկին Նաղդալյանից հետաքրքրվեց` ո՞րն էր պատճառը, որ ինքը, գտնվելով դահլիճում, երբ իր հերթը եկավ, այդպես էլ ելույթ չունեցավ: Տիկին Նաղդալյանը պարզաբանեց, թե շփոթմունք է տեղի ունեցել ու նաև հավելեց. «Ես ելույթ չէի նախատեսել, քանի որ անհրաժեշտություն չէի տեսնում, որ մենք ելույթ ունենանք: Ընդհանրապես միջավայրը ԵԽԽՎ-ում այնպիսին է, որ ամբողջ Եվրոպայի Խորհուրդը միաձայն խոսում է Ադրբեջանում գոյություն ունեցող խնդիրների մասին: Սա դարձնել նորից հայ-ադրբեջանական թեմա, նշանակում է իրենց հնարավորություն տալ որակելու, թե սա ոչ թե գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ է , այլ հայերը մի բան են սարքել»:
Տիկին Նաղդալյանն ասաց, որ այդ զեկույցների ընդունումը երկար կատարված աշխատանքի արդյունք է: Հետո էլ շեշտեց. «Ես դիակապտության կողմնակից չեմ: Չեմ համարում, որ դա պատվաբեր զբաղմունք է: Բայց նաև քաղաքական իմաստով այստեղ մեր խոսելը իրենց շանս էր տալու, որ իրենք ամբողջ քննարկումը տեղափոխեին հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթություն: Նորից եմ կրկնում` կարծում եմ` իմ ելույթը, և ընդհանրապես, մեր կողմից հնչած ցանկացած ելույթ իրենց հնարավորություն կտար փոխել քննարկման ընթացքը կամ շեշտադրում ավելացնել, որ սա հայ- ադրբեջանական հարաբերությունների խնդիր է, ոչ թե Ադրբեջանում ժողովրդավարության նահանջի, ինչի վրա այսօր ԵԽԽՎ-ն շեշտադրում է»:
Տիկին Նաղդալյանի համար ըստ իր բնութագրման` այսօր բացառիկ օր է, քանի որ տարիներ շարունակ հենց այս օրվան են սպասել ու երազել: Տիկին Նաղդալյանը կարևորեց այն, որ այսօր Ադրբեջանի վերաբերյալ քննադատական ելույթներ էին ունենում կարկառուն պատվիրակներ` Քրիստոֆեր Շտրասեր, Անն Բրասեր, Փիթեր Օմզիգ. «Մարդիկ լուրջ մտահոգություններ էին ներկայացնում Ադրբեջանում գոյություն ունեցող բռնատիրական ռեժիմի, ժողովրդավարության նահանջի մասին: Այս տարիներին մենք ցույց ենք տվել ժողովրդավարության ընթացք, իսկ 2011-ին մեզ և Ադրբեջանին միասին էին ընդունում: Ադրբեջանն էլ միշտ ունեցել է այն ձեռագիրը, որ զուգահեռներ տարվեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այսօր այդ մոտեցմանը վերջակետ դրվեց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ