«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ այցելել են գյուղի ամենատարեց մարդուն՝ Սամվել Ծատուրյանին:
Արենիի 91- ամյա բնակիչը աշակերտներին ցույց է տվել իր հայրական տունը, առանձնակի ջերմությամբ ու սիրով պատմել հիշողության մեջ դեռ վառ մնացած մանկության ու պատանեկության դրվագները, հուզմունքով հիշել ծնողներին։ Այսօր արդեն անցյալից պոկված փոքրիկ պատառիկ հիշեցնող տունը վկայում է, թե մոտ մեկ դար առաջ ինչպես են ապրել այս տարածաշրջանի բնակիչները՝ հազարաշեն տանիքը, թոնիրը, կահկարասին, 1911թվականի գորգը հետաքրքիր կոլորիտ են ստեղծում։
Չնայած տարիքին` 91- ամյա Սամվել Ծատուրյանն այսօր էլ շարունակում է նույն նվիրումով աշխատել իր այգում ու հյուրերին զարմացնել իր աճեցրած խաղողի այգու և բազմաթիվ ծառատեսակների առողջ, համեղ բարիքներով։ Նա այգեգործի իր հմտությունները փոխանցել է երիտասարդներին ու պատգամել սիրել հայրենի հողը և նա անպայման վարձահատույց կլինի այդ նվիրումի համար։
Հանդիպումն ավարտվել է դպրոցականների և Սամվել Ծատուրյանի հարց ու պատասխանով։ Պատանիները խոստովանել են, որ տուն են վերադառնում շատ տպավորված, հարստացած հայրենի եզերքների հանդեպ սիրով ու առանձնակի նվիրումով։