«Ես Սերժ Սարգսյանին համարում եմ ողջամիտ մարդ եւ եթե նա գնաց սահմանադրական փոփոխությունների եւ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, ես վստահ եմ, որ Հայաստանում կտրուկ իրավիճակ է փոխվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության(ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը:
Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են 2018 թվականի ապրիլին:
Մեր զրուցակիցն ասում է, որ ինքն ու իր ղեկավարած կուսակցությունն ակտիվ դերակատարում են ունենալու, որպեսզի այս ընթացքում մեկտեղեն քաղաքականությամբ լրջորեն զբաղվող սակավաթիվ ուժերին եւ անձանց`պատրաստվելու եւ այս առաջիկա զարգացումներին լրջորեն դիմակայելու: Հայաստանյան քաղաքական ուժերի համար նա վերջին խորհրդարանական ընտրությունները համարում է «կատաստրոֆա», քանի որ իր կարծիքով, այդ ընտրություններով քաղաքական դաշտում «տոտալ փլուզում» տեղի ունեցավ: Հիմա`աշխարհաքաղաքական զարգացումների այս նոր ֆոնին, Արեւմուտք-ՌԴ դիմակայության սրման, ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, նա Հայաստան պետության գոյության, մեր ազգային անվտանգության համար խնդիրներ է տեսնում: «Հայաստանն իրավունք չունի այս իրադարձությունների մեջ մտնել այսօրվա վիճակով: Սերժ Սարգսյանի իշխանության ավարտից հետո, ես համոզված եմ, որ Հայաստանում շատ արագ, արմատական եւ լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու եւ այս խորհրդարանը երբեք չի կարողանալու դիմակայել: Այս խորհրդարանը չի կարելի հանդուրժել: Սա մեր անկախության շրջանի ամենախայտառակ եւ ամենաանորակ խորհրդարանն է»,- ասում է մեր զրուցակիցը`հիշեցնելով, որ այն ձեւավորվել է անօրինական ճանապարհով, փողի մանիպուլյացիաների արդյունքում: Նա կարծում է, որ եթե ՀՀԿ-ական ներկայիս իշխանությունը մի քիչ ողջամիտ լինի եւ մտածի առաջին հերթին իր իսկ իշխանության մասին, պետք է գարնանը ցրի այս խորհրդարանը եւ նոր ընտրություններ անցկացնի: Ընդ որում, որակյալ ընտրություններ, որոնք շանս կլինեն ՀՀԿ-ի համար, որպեսզի մնան քաղաքական դաշտում: «Այլ իրադարձությունների զարգացման դեպքում, իսկ դրանք անպայման լինելու են եւ մենք էլ շատ ակտիվ մասնակցելու ենք, ՀՀԿ-ի համար քաղաքական դաշտում տեղ չի լինի»: Ըստ նրա, Հայաստանում 100-120 հազար մարդ է պետք, որպեսզի ակտիվ քաղաքական գործընթացներ զարգանան, «իսկ այդ քանակությունը միշտ էլ կարելի է հանել»:
Ի՞նչ եւ ինչպե՞ս են հանգեցնելու «այլ իրադարձությունների» զարգացման`տեսանյութում
Ժիրայր Սեֆիլյանն անուններ էր հրապարակել: Մովսես Շահվերդյանը դա չի անում: Բայց իր պատկերացումներն ունի: Իր կարծիքով, ՀՀ նախկին նախագահները, հատկապես Ռոբերտ Քոչարյանը, քաղաքականության մեջ դեռ ասելիք ունի: Միայն ասում է, որ իր ղեկավարած ՀԱՍԿ-ը ակտիվ դերակատարում է ունենալու: «Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի Հայաստանում 2018-ի ապրիլից հետո, իսկ թողնել այս ամենն այսպիսի բարձիթողի վիճակում`չի կարելի»,- ասում է նա:
Մանրամասները`տեսանյութում
«Մեր նախագահն ու վարչապետը գոնե կադրային հարցում կարող են ճիշտ ընտրություններ կատարել այս ընթացքի համար եւ այն բնագավառներում`բանկեր, դպրոցներ, ճանապարհային ոստիկանություն, որտեղ անմիջական մարդկանց հետ է շփումը, վերանայումներ անեն: Չէ՞ որ իրենք են ասում, որ այսուհետ իրենց ուշադրության կենտրոնում հասարակ մարդն է լինելու, մարդակենտրոն քաղաքականություն են վարելու»,- ասաց մեր զրուցակիցը`հեգնանքով հավելելով, որ կասկած չունի, որ նախագահն ու վարչապետը կզբաղվեն այդ հարցերով, մինչդեռ նրանց շրջապատի պաշտոնյաները տարատեսակ գործառույթներով են զբաղված եւ մոռանում են Հայաստանի հասարակ քաղաքացիների մասին խոսել նրանց հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ