Լրահոս
Օրվա լրահոսը

Կառլոս Ռոու. «Դոպինգի դեմ պետք է պայքարել նաեւ ուսուցանելով»

Հոկտեմբեր 11,2017 16:22

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում Երեւանում կայացավ հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար «Մրցել ազնիվ» խորագրով:

Հայաստանի հակադոպինգային ծառայության հրավերով Հայաստան ժամանած Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն Հայաստանի մարզիչներին եւ մարզիկներին ներկայացրեց 2018 թ. UWW-ի արգելված նյութերի ցուցակը եւ դրանք օգտագործելու դեպքում կիրառվելիք պատժամիջոցները:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը կարեւորեց նման սեմինարների անցկացումը.

«Մենք հետեւողական պայքար ենք մղում այդ չարիքի դեմ: Այսպիսի ուսուցողական միջոցառումների, որ կազմակերպում է նախարարությունը, նպատակը ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելն է»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

«Դոպինգի դեմ պայքարն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ուղղություններից մեկն է: Ես եկել եմ Հայաստան՝ ներկայացնելու հակադոպինգային քաղաքականության նոր հիմնական տարրերն ու կատարված փոփոխությունները: ՄՕԿ-ը շատ մեծ ուշադրություն է դարձնում, թե որքանով են մաքուր մարզաձեւերը: Դոպինգի օգտագործումը սպառնում է ամբողջ սպորտին»,- ասաց Կառլոս Ռոուն՝ տեղեկացնելով, որ դոպինգ օգտագործելու դեպքում տվյալ ազգային ֆեդերացիան ենթարկվելու է դրամական տույժի (20 հազար շվեյցարական ֆրանկ), իսկ մարզիկի որակազրկման չափը կախված է լինելու արգելված նյութի տեսակից եւ քանակից.

«Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելը եւ որակազրկելը չէ: Պետք է մարզիկներին ու մարզիչներին ուսուցանել դրանց վնասակար հատկությունները: Հատկապես այս տարածաշրջանում, որտեղ ըմբշամարտը գլխավոր մարզաձեւերից է եւ կան օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ»,- ասաց Ռոուն:

Անցած տարի դոպինգ թեստերի դրական դեպքերով ըմբիշները գրավել են առաջին տեղն աշխարհում: Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի խոսքով, դա կապված է մելդրոնատի օգտագործման հետ: Ըմբշամարտում այն շատ օգտակար դեղամիջոց է համարվել:

Վաղը հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարը կանցկացվի Գյումրիում, որից հետո՝ Թբիլիսիում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031