Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկահարույց օրենքի մասին. «Եկեք չվախենանք, որ երեխան կարող է ասել՝ մի՛ ծեծիր ինձ, ես արժանի եմ սիրո»

Հոկտեմբեր 11,2017 16:14

Հայ օգնության ֆոնդի՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը որոշ դժգոհություններ ունի «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծից: Այս մասին այսօր տիկին Անտոնյանն ասաց «Մեդիա կենտրոնում» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Իմ դժգոհությունն այն է, որ մենք իներցիայով շարունակում ենք տուժել տուժողին: Օրինակ՝ պաշտպանական մեխանիզմներով եթե զոհին որեւէ բան չի օգնում, ապա նրան տեղափոխում են ապաստարան: Իսկ ինչո՞ւ բռնարարին չտեղափոխել ընտանիքից: Ինչո՞ւ թույլ տալ բռնարարին շարունակել ապրել ընտանիքում ու շարունակել բռնանալ այլ անդամների վրա: Ես չեմ համարում, որ սա զոհապաշտպան մեխանիզմ է»,-ասաց Անտոնյանը:

Ըստ Անտոնյանի, այնպես չէ, որ այս օրենքից հետո կհեռացնեն երեխային ընտանիքից, այս պրակտիկան կա տարիներ շարունակ. «Եվ այն անձինք, որոնք այս կետից դժգոհում են, թող հուզվեն այն հանգամանքից, թե քանի երեխա մենք ունենք մանկատներում, իսկ մանկատները ապաստարան են, երբ ոչինչ չեն կարողացել անել ո՛չ հոր, ո՛չ մոր նկատմամբ, որ ասենք երեխան օրերով սոված է մնացել, ծեծվել է, փակված մնացել: Ես երեկ այդպիսի դեպք եմ ունեցել՝ 1,5 եւ 3 տարեկան երեխաները… մայրը գիշերային ակումբում պարում է (անկախ գործունեության տիպից, սա չէ խնդիրը), բայց ոչ մեկը չի օգնում այս կնոջը: Նա օրերով ու ժամերով բացակայում է, վարձով տան տերը ուղղակի հանեց տնից: Այսինքն՝ մենք ի՞նչ ենք անում՝ խնդիրը հեռացնում ենք աչքից, որ չտեսնենք, կամ էլ հասնում է պաշտոնական ատյան, մենք զոհերին հեռացնում ենք տնից տանում ապահով ապաստարաններ, ընդ որում, մինչեւ երեխայի 18 տարեկանը: 18 տարին լրանալուց հետո այդ նույն երեխաները դուրս են գալիս ապաստարաններից ավելի շատ խնդիրներով ու վերադառնում են այդ նույն ընտանիքներ»:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե այլ օրենքներով խստացնեն ընտանեկան բռնության դեպքերի պատիժը, ապա տիկին Անտոնյանը վստահ է՝ պատիժը չի վերացնում հանցագործությունը. «Օրինակ՝ ես էլ վրդովված եմ մանկապիղծների հանդեպ, պատիժ կա, բայց նրանք էլի կան: Եթե անգամ պատիժը խստացնենք, ապա ի՞նչ անենք այն երեխաների, կանանց կամ տղամարդկանց հետ, որոնք շարունակաբար գտնվում են հոգեբանական ճնշման տակ, իսկ սա դանդաղ մահ է»:

Այն, որ կարծիք կա, թե սա կանանց պաշտպանության օրենք է, տիկին Անտոնյանն ասաց՝ «Փարատելու համար այդ տեսակետն, ուզում եմ ասել՝ կանայք էլ են ստերեոտիպերի մեջ, եւ մտածում են, որ տղամարդիկ բանկային քարտ են, այդ քարտի վրա գումար կա, ուրեմն՝ այս մարդն ինչ-որ բան արժե: Եթե քարտի վրա զրո է, ուրեմն՝ այս մարդը ոչինչ չարժե: Եվ մենք շարունակում ենք մտածել, որ տղամարդիկ դրսից բերողն են, կանայք էլ խոհանոցում դա մշակողն են: Վաղուց դերերը փոխվել են: Պետք է երկուսն էլ դրսից բերեն ու ներսում մշակեն, ընտանիքն ընտանիք դարձնեն: Մենք շարունակում ենք այս ստերեոտիպային մտածելակերպը ու դիմացինին մեղադրում ենք, թե՝ ինչո՞ւ դու այլեւս բերող չես»:

Խոսելով օրենքում երեխաների իրավունքների պաշտպանության մասին, տիկին Անտոնյանը նկատեց, որ ընտանեկան բռնության մթնոլորտում մեծացող երեխայի հոգեբանությունը տուժում է, եւ նա մեծանում է որպես ստրկամիտ անձ նման ընտանիքներում. «Եկեք չվախենանք, որ երեխան կարող է ասել՝ մի՛ ծեծիր ինձ, ես արժանի եմ սիրո, եւ եթե ես չեմ արժանանում սիրո, վաղը ես էլ իմ երեխային տալու բան չեմ ունենա»:

Տիկին Անտոնյանը խոսելով ապաստարանների եւ երեխաներին ընտանիքներից հեռացնելու ու ապաստարան տանելու մասին, նկատեց՝ հիմա էլ կան նման ապաստարաններ, որտեղ երեխաներ են ապրում, դրանք մանկատներն եւ գիշերօթիկներն են:

Ինչ վերաբերում է օրենքի ընդդիմախոսների այն տեսակետին, թե աղքատությունը վերացրեք՝ բռնությունը կվերանա, Անտոնյանը որոշ թվեր ներկայացրեց, փաստելու, որ բռնությունը աղքատության հետ կապ չունի. «Գիտեք 41% մանկական աղքատություն կա: 2000 թվականին հաստատություններում 11 հազար երեխա կար, այսօր՝ 3,5 հազար: Եվ եթե աղքատությունը լիներ պատճառը, ուրեմն՝ մոտ 400 հազար երեխա պիտի լինեին ընտանիքից դուրս»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031