Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ արվեստագետների հետ միասին ներկա է գտնվել հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակի բացման արարողությանը: Հուշատախտակի հանդիսավոր բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ներսես Հովհաննիսյանի որդին ու դուստրը:
Միջոցառման բանախոսները նկատել են, որ Երևանի Բուզանդ 30 հասցեում անվանի արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ, քանի որ հենց այս տանն է ծնվել ու մինչև 1974 թվականը բնակվել Ներսես Հովհաննիսյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նախաձեռնության բոլոր աջակիցներին` Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանը նկատել է, որ սա նաև յուրօրինակ նվեր է արվեստագետի ծննդյան օրվա առթիվ:
Հարկ է նշել, որ հուշատախտակի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Հայկ Պետրոսյանը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն