Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքի անդամի ալկոհոլ չարաշահելու հետեւանքով երեխան հայտնվում է ծաղրի վիճակում». Թաթոյան

Հոկտեմբեր 11,2017 16:08

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագծին, որի հանրային քննարկմանը աղմուկ բարձրացավ: Նա ասաց, որ հույս ունի, քննարկումները կհանգեցնեն ընդհանուր մոտեցումների եւ հիմա դա պետք է տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ:

Հարցին՝ նախագծում խնդրահարույց դրույթներ դուք նկատե՞լ եք՝ օմբուդսմենը պատասխանեց, որ այդ ոլորտում իրավական կարգավորումն ունի շատ կարեւոր նշանակություն եւ պետք է գնալ այդ ուղղությամբ. «Չեն կարող լինել կարգավորումներ, որոնք հաշվի չեն առնի կողմերի մտահոգությունները, որովհետեւ այս օրենքը ենթադրում է համակարգային փոփոխություններ»:

Օմբուդսմենն ասաց, որ ունենք դեպքեր, որոնց ժամանակ գործող իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս պատշաճ արձագանքելու, օրինակ, երբ բռնությունը գործադրվում է կնոջ նկատմամբ՝ հանգեցնելով ծանր հետեւանքների, մահվան, երբ երեխան ստիպված է լինում մի քանի շաբաթ դպրոց չհաճախել. «Ունենք դեպքեր, երբ ընտանիքի անդամի ալկոհոլ չարաշահելու հետեւանքով երեխան հայտնվում է ծաղրի վիճակում ու նա ստիպված է լինում դպրոցը փոխել մի քանի անգամ»:

Նա ասաց, որ հոգեբանական եւ տնտեսական բռնության տեսակներն են, որ այս նախագծի ընդունման առիթն են տվել: Պետք է փորձել հասկանալ, թե հնարավոր կիրառության ժամանակ որտեղ կարող ենք խնդիր ունենալ. «Այն, որ այս նախագիծը առաջացնելու էր վեճեր՝ սպասելի էր ինձ համար: Կան օրենքի վերաբերյալ թյուրընկալումներ, պետք է հանրությունը սպառիչ տեղեկություններ ունենա, այն մարդիկ, որոնք ընդդիմանում են, պետք է իմանան, թե ի վերջո կոնկրետ կարգավորումները որոնք են»:

Հարցին՝ ավանդական հայկական ընտանեկան մոդելի խաթարման ռիսկ այս նախագծում տեսնո՞ւմ եք՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն՝ այդ թվում սա, չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները»: Թաթոյանն ասաց, որ նախարարի հետ քննարկել են եւ առաջարկելու են փոփոխություններ, որոնք կամրագրեն այդ նպատակները, որ օրենքը չի խաթարի ավանդական ընտանեկան արժեքները, ոչ միայն հայկական, այլ բոլոր այն ազգային փոքրամասնությունների ընտանեկան արժեքները, որոնք ՀՀ-ում բնակվում են:

Մեր դիտարկմանը՝ մարդիկ կան՝ ասում են՝ ես եմ, իմ կինը, չեք թողնում հավեսով տփեմ, մշակեմ, ինչի՞ եք ներխուժում մեր ներընտանեկան վեճերի մեջ՝ օմբուդսմենը պատասխանեց. «Սահմանադրությամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Պետության համար, առողջ հասարակություն ունենալու համար չափազանց կարեւոր է, որ ընտանիքի բոլոր անդամները ընտանեկան ներքին գործերին չմիջամտելու պայմաններում լինեն առողջ, որովհետեւ երեխան ունի ընտանիքում ապրելու հիմնարար իրավունք: Պետությունը պետք է ստեղծի այդ պայմանները, որ ընտանիքում մեծանա առողջ երեխա, դառնա հասարակության լիարժեք մարդ»:

Թաթոյանը համաձայն չէ, որ օրենքը այլասերվածություն է քարոզում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031