Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ մի քանի պատվիրակներ ընդունում են, որ Ալիևի վարչակազմից գումար են վերցրել. թեժ քննարկում ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 11,2017 15:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց ընդունվեց: Շտեֆան Շենախի (լուսանկարում) և Սեզար Ֆլորին Պրեդայի հեղինակած «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում շեշտադրում է կատարվում երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա, մասնավորապես ճնշումները անկախ լրատվամիջոցների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Բանաձևում օգտագործված է նաև քաղաքական բանտարկյալներ ձևակերպումը: Նաև կոչ է արվում կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վերջին տարիներին կայացված 120 վճիռները:

Մյուս զեկույցի հեղինակը բելգիացի Ալան Դեստեքսն է: «Ադրբեջանի նախագահություն. որոնք են հետևանքները» վերնագրված փաստաթղթում ԵԽԽՎ պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնում 2012-2014 թվականներին փողերի լվացման լայնամասշտաբ սխեմաների կիրառման և դրանց միջոցով Վեհաժողովի անդամների գործունեության վրա ազդելու մասին տեղեկությունների վերաբերյալ:

Մինչ զեկույցների՝ քվեարկության դրվելը, բավականին բուռն քննարկում ծավալվեց ԵԽԽՎ նիստերի դահլիճում: Եվրոպացի պատվիրակներն իրենց ելույթներում խորը մտահոգություն էին հայտնում Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Պատվիրակները կոչ արեցին ազատ արձակել «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլիին, ՆԻԴԱ երիտասարդական շարժման ակտիվիստ, բլոգեր Իլքին Ռուստամզադեին և ադրբեջանական բանտերում գտնվող մի շարք այլ լրագրողների և իրավապաշտպանների:

«Ադրբեջանական լվացք»-ից խոսեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն: Նա հայտարարեց, որ իր գործընկերներից գերմանացի պատվիրակ Կատրին Ստրենզը ընդունել է, որ ինքն Ալիևի վարչակազմից ընդունել է գումարներ: Այնուհետև հարց բարձրացրեց՝ հիմա ինչպե՞ս է լուծվելու պատասխանատվության ենթարկելու հարցը:

Նիդեռլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմզիգը ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովին հումորով հարցրեց՝ կպատմեք, ի վերջո, Լուկա Վոլոնտեի հետ ի՞նչ էիք արել: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովն արձագանքեց՝ փորձելով վստահեցնել, թե այդ հարցը դեռ պետք է քննարկվի և հետաքննություն իրականացվի: Ի պատասխան՝ պարոն Օմզիգն ասաց, թե խորհուրդ չէր տա խնդիրը տեղափոխել կրոնական հարթություն, ինչպես իր պարագայում հաճախ են ադրբեջանցի պատվիրակներն անում, այլ ընդունել, որ այստեղ կրոնը կապ չունի, խնդիրն Ադրբեջանի ներսում գոյություն ունեցող իրավիճակն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031