Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմուկ հանած օրենքով հնարավոր է մինչեւ 20 օր սահմանափակել բռնարարի որոշ իրավունքներ

Հոկտեմբեր 11,2017 15:53

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքը 3 նպատակ ունի. 1-ինը՝ ստեղծել իրավական կառուցակարգեր, որոնք կտրամադրեն ֆիզիկական, իրավական, սոցիալական եւ հոգեբանական պաշտպանություն այն անձանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության: 2-րդը՝ կանոնակարգել այս կառույցների գործունեությունը, եւ 3-րդը, որն ամենակարեւորն է, եւ որն այսօրվա գործող օրենսդրությունում պակասում է, այն է՝ ստեղծել մեխանիզմներ, որոնք կառողջացնեն ընտանիքում ստեղծված անառողջ մթնոլորտը»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության եւ կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Նրա խոսքերով՝ օրենքը նախատեսում է պաշտպանական մեխանիզմներ: Այդ մեխանիզմներից առաջինը՝ նախազգուշացումն է, սա, ըստ Մուրադյանի, նշանակում է՝ եթե ընտանիքում կա բռնություն, ոստիկանությունն առաջին ահազանգի ժամանակ, եթե չկան լուրջ վնասներ կամ լուրջ տուժողներ, պաշտոնապես զգուշացնում է բռնություն կիրառող անձին, որ այսպես չի կարելի անել:

2-րդ մեխանիզմն, ինչպես ասաց Մուրադյանը, անհետաձգելի միջամտության որոշումն է. «Այսինքն՝ այն բոլոր դեպքերում, երբ բռնության ենթարկվածի մնալը բռնություն կիրառողի հետ միեւնույն հարկի տակ նպատակահարմար չէ, որովհետեւ կարող է կյանքին կամ առողջությանը սպառնալ, այս դեպքում անհետաձգելի որոշում պետք է կայացնի: Եվ այս դեպքում մինչեւ 20 օր սահմանափակվում է բռնություն կիրառողի որոշ իրավունքներ: Սրա նպատակն այն է, որ այդ հետապնդումներն ու կրկնակի բռնության դեպքերը բացառվեն»:

Մեխանիզմներից 3-րդը պաշտպանական որոշումն է: Սա, ըստ Աիդա Մուրադյանի, ընդունվում է դատարանի որոշմամբ եւ 6-9 ամիս, տուժողի համաձայնությամբ, տուժողը կամ զոհը կարող է տեղափոխվել ապաստարան:

Մուրադյանի ներկայացմամբ՝ այս օրենքը անհրաժեշտ է, քանի որ ընտանեկան բռնությունը լատենտային է, այսինքն՝ թաքնված, եւ ընտանեկան բռնության մասին պաշտոնական թվերը պետք է եռապատկել:

Թե ինչո՞ւ է պետք ընդունել այս օրենքը. Մուրադյանը նկատեց՝ ընտանեկան բռնության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ընտանիքում ավելի դոմինանտ դեր զբաղեցնողը, որը կարող է կինը, տատիկը, պապիկը կամ ամուսինը լինի, ճնշում է ընտանիքի ավելի թույլ անձին, որին հոգեբանական, տնտեսական կախվածության մեջ է պահում, եւ այս դեպքում քիչ է հավանականությունը, որ տվյալ անձը բռնության մասին հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031