Նոյեմբերի 5-ին տեղի կունենան Տավուշի մարզի խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու, Աչաջուր համայնքի ղեկավարի, Ենոքավան եւ Այգեհովիտ համայնքների ավագանու ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներկայացված են համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների կուսակցական պատկանելիությունը, նրանց զբաղեցրած պաշտոնը եւ այլ տեղեկություններ: Թեկնածուների մի մասը ներկայումս չի աշխատում, պաշտոնի վերաբերյալ սյունակում նրանց անվան դիմաց որեւէ գրառում չկա:
Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավարի 4 թեկնածուներից երկուսը`Աչաջրի նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանը եւ Սեւադա Ղուկասյանը ներկայումս պաշտոն չունեն:
Խոշորացված Բերդ համայնքի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 40 թեկնածու, որոնցից 25-ը պաշտոն ունի, 15-ը`ոչ: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի ավագանու 9 տեղի համար առաջադրվել է 10 թեկնածու, որից 7-ը պաշտոն չունի: Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան համայնքի ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 11 թեկնածու, որից 5-ը պաշտոն ունի, 6-ը՝ ոչ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ