Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ վաղը ունենալ ամեն 2-րդ տղամարդը, որն ընտանեկան բռնության պատճառով կհայտնվի քրեակատարողական հիմնարկում»

Հոկտեմբեր 11,2017 14:07

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքը կյանքի է կոչվում եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում, այս ծրագրի շրջանակներում են մեր երկրում իրականացվում նաեւ հակակոռուպցիոն ռազմավարությունն ու այլ գործընթացներ: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը:

Նրա ներկայացմամբ՝ բուռն քննարկվող այս օրենքը պետք է դիտարկել երկու կարեւոր եւ համատեղ ընթացող բարեփոխումների շրջանակներում, եւ քննադատները, որ ասում են, թե՝ ինչո՞ւ չեք քրեական օրենսգրքում կամ վարչական օրենսգրքում պատժիչ մեխանիզմները խստացնում կամ համապատասխան դրույթներ ներառում, եւ այլն, ապա պետք է հաշվի առնել, որ Հայաստանում 2011 թվականից դատաիրավական բարեփոխումներ են ընթանում. «Սա նշանակում է, որ քրեական արդարադատության խողովակ չմտցնենք մարդկանց, որոնք չպիտի մտնեն: Եվ ամենակարեւոր առանձնահատկությունը՝ մարդկանց չտանենք քրեակատարողական հիմնարկներ, եւ այդ պատժողականությունից փորձենք հրաժարվել՝ անցնելով մաքսիմալ սոցիալականացմանը: Այս իմաստով, մարդիկ, որ ասում են՝ ինչո՞ւ չեք պատժում… Պետք չէ վաղը ունենալ ամեն 2-րդ կամ 3-րդ տղամարդը, որը ընտանեկան բռնության պատճառով կհայտնվի քրեակատարողական հիմնարկում: Մեր պետությունը սա չի որդեգրել՝ անկախ ընտանեկան բռնության մասին եզրույթի կամ օրինագծի առկայությունից: Որովհետեւ մենք ունենք այլ ճանապարհ քրեական արդարադատության ոլորտում ՝ ստեղծում ենք պրոբացիայի պետական ծառայությունը: Սա ենթադրում է՝ բանտերին այլընտրանք ստեղծում են ծառայություն, որպեսզի մարդը պատիժը կրի հասարակությունում, չկտրվի աշխատանքի վայրից եւ իր ադապտացված համայնքից»:

Գասպարյանը նաեւ նկատեց՝ այս օրենքում նախատեսվում է նաեւ աշխատանք եւ աջակցություն տուժողի, զոհի հետ, ինչպես նաեւ աշխատանք բռնարարի հետ, սրանք այն դրույթներն են, որոնք հնարավոր չէ ներառել այլ օրենսգրքերում, ինչպես որ պնդում են օրենքի հակառակորդները:

Պարոն Գասպարյանը շեշտեց՝ այս օրենքով չի նախատեսվում երեխային ընտանիքից վերցնել, նման գործառույթ հիմա էլ կա, այն վերապահված է հոգաբարձուների եւ խնամակալության հանձնաժողովին. «Այս հանձնաժողովի որոշմամբ՝ յուրաքանչյուր ծնողից հնարավոր է մինչեւ 7 օր տեւողությամբ վերցնել երեխային, եթե տվյալ ծնողը խուսափում է դաստիարակել երեխային, կամ ծայրահեղ բացասական ազդեցություն է թողնում երեխայի վրա: Այս համակարգը եղել է եւ կա առայսօր, այդ հանձնաժողովին դատարանից ավելի մեծ ֆունկցիա է տրված»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031