Գյուղատնտեսության ոլորտի մեկ տարին ամփոփելու նպատակով ասուլիս հրավիրած գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր նշեց մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են գյուղոլորտի զարգացմանը:
«Մատչելի ֆինանսական միջոցների բացակայություն, տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակ, բնակլիմայական աղետներից կրած վնասի ապահովագրության բացակայություն, ոռոգման խնդիրներ եւ այլն»,-թվարկեց նախարարն` ասելով, որ իրենք փորձում են համակարգային լուծել այդ հարցերը, որի արդյունքները կերեւան 3-4 տարի հետո:
Aravot.am-ի հարցին, թե մասնագետներն ահազանգում են, որ մեր երկիրը ջրային ռեսուրսներն անարդյունավետ է կառավարում, այն դեպքում, երբ հանրապետության հարյուրավոր գյուղեր անջրդի են, բերքը փչանում է, գյուղացիներն էլ մեծ վնասներ են կրում, արդյոք պետությանը ձեռնտու չէ՞ ջրամբարների հարցը լուծել, քան գյուղատնտեսությունում այդպիսի կորուստներ ունենալ, պարոն Առաքելյանը պատասխանեց, որ այդ հարցը նախարարության եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի օրակարգում է:
Մանրամասները` տեսանյութում
Հարցին, թե գյուղոլորտում այս տարի արձանագրված 24 տոկոս անկումը գուցե այն բանի հետեւանք է, որ այս տարի իրական թվե՞րն են արտացոլվել եւ նախորդ տարիների պես թվանկարչություն չի եղել, պարոն Առաքելյանը պատասխանեց, որ օրինակ`շաքարի բերքն ավելացել է, արտադրությունը կրկնապատկվել է. «Այդտեղ թվանկարչությունը ո՞րն է: Մյուս տարի կարող է պայմանները լավը չլինեն, բերքը պակաս լինի: Ես ասացի` մենք ունենք ոռոգման խնդիր, ունենք իրացման խնդիր, ունենք ապրանքի գնագոյացման խնդիր»:
Իգնատի Առաքելյանը նաեւ հայտնեց, որ խաղողագործներին` մթերողների ունեցած պարտքերի մեծ մասը մարվել է: Խնդրահարույցը դեռ շարունակում է մնալ «Վինար» ընկերության հարցը , որը դեռ պարտքի մի մասը չի մարել: Նախարարը նաեւ ասաց, որ եկող տարի մթերող ընկերություններին 3 տոկոսանոց վարկեր են տրամադրելու, որպեսզի ոչ մի խաղողագործի մթերած ապրանքի դիմաց պարտք չմնան: Այս տարի, մինչ այսօր, մթերումներն, ըստ նախարարի, առանց խնդիրների են ընթանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ