«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը ճիշտ չի համարում աջ ղեկով մեքենաների արգելքի վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը:
Նրա համար անհասկանալի է ոչ միայն աջ ղեկով մեքենաներ վարելու, ներկրելու արգելքը, այլեւ՝ ղեկը ձախ կողմում տեղադրելու պարտադրանքը. «Եթե աջ ղեկով մեքենաները ձեւափոխվեն, դառնան ձախ ղեկով, անթույլատրելի է, որովհետեւ տեխնիկապես գործարանային տեսքի բերել հնարավոր չէ, բացի այդ՝ կան մեքենաներ, որոնք ընդհանրապես հնարավոր չէ ձեւափոխել: Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքին՝ արդյոք ճի՞շտ է արգելելը, ժամանակին պետք է արգելեին ներկրումը, եթե այն ժամանակվանից արգելեին, հիմա աջ ղեկով մեքենաների քանակը կպակասեր, իսկ հիմա արգելել կամ ստիպել ղեկը փոխել, ճիշտ չէ»:
«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրանը Քեյանն էլ շարունակեց, թե կառավարության համապատասխան նախագիծը չեն տեսել, չգիտեն՝ ինչ արգելքի մասին է խոսքը, բայց. «Աջ ղեկը փոխելն ավելի վտանգավոր է , քան թե որ աջ ղեկով մնա: Բացի այդ՝ վերլուծություն արված չէ, թե ինչքանով են աջ ղեկով մեքենաները վտանգավոր: Եթե վերցնենք, աջ ղեկով մեքենան ավելի անվտանգ է, քան՝ քաղաքային տրանսպորտը, թող նախ քաղաքային տրանսպորտի հարցը լուծեն, հետո անցնեն աջ ղեկով մեքենաների անվտանգության մասին խոսեն կամ այդ հարցը քննարկեն: Ղեկի փոփոխությունը ավելի շատ վտանգ է ստեղծում, որովհետեւ մեքենան իր գործարանային տեսքն է գցում, բացի այդ՝ փորձը ցույց է տալիս, որ փոփոխված մեքենաներն ավելի շատ խնդիրներ են առաջացնում: Ներկրման արգելքն էլ խնդրի լուծում չէ, լավ կլինի ձախ ղեկով մեքենաների վարորդներին արտոնություններ տան՝ գույքահարկի կամ օրինակ կարմիր գծերից օգտվելու դեպքում, որ քաղաքացիները շահագրգռվեն ձախ ղեկով մեքենա ներկրել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ