Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ իմ երեք տարին լրացել է, ինչո՞ւ ինձ պարգեւ չեն տալիս». Վիգեն Սարգսյանը պարգեւատրում տալը խստացրել է

Հոկտեմբեր 11,2017 13:31

Խորհրդարանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ են:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց՝ «Ինչքանո՞վ է ճիշտ, որ սպայական կազմն իրավունք ունի զբաղվել բիզնեսով: Ինչքանո՞վ է ճիշտ բիզնեսը կապել բանակին, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում, ո՞նց եք պատկերացնում սահմանամերձ համայնքում սպայական կազմը բիզնես անի: Մասնագետների հետ կապված գիտենք, որ բանակում պակաս ունենք եւ իրենց ֆինանսավորման հարցը ի՞նչ ձեւով կարելի է խրախուսել, որ բանակում մասնագետներ ընդգրկենք, թեկուզ՝ արտերկրից, դրսից հարգված մասնագետների բերենք: Պահեստազորի հետ կապված, գիտեք, որ զինծառայողները չեն հերիքում եւ պահեստազորին պետք է ուշադրություն դարձվի: Պահեստազորը պետք է առաջին հրահանգի դեպքում իմանա, թե որ զորամաս պետք է գնա, ապրիլյան պատերազմում մի քիչ խառը իրավիճակ էր: Ես առաջարկում եմ, որ վարժություն անեն, որ տրիվոգ լինի՝ իմանան ուր պիտի գնան»:

Նա նաեւ հարցրեց, թե պարգեւատրումների հարցը ի՞նչ է լինելու, խոսքը ոչ ֆինանսական պարգեւատրումների մասին էր:

Նախարարը պատասխանեց, որ գերատեսչական հանձնաժողով են ձեւավորել՝ պետական եւ գերատեսչական պարգեւների համար. «Խստացրել ենք մոտեցումները: Առաջ ավանդույթ էր դարձել, որ երեք տարին մեկ գերատեսչությունը պարտավոր էր պարգեւատրել բոլորին, արդեն ասում էին՝ իմ երեք տարին լրացել է, ինչո՞ւ ինձ պարգեւ չեն տալիս: Ժամանակի բերումով այլեւս պարգեւներ չեն լինելու: Յուրաքանչյուր պարգեւատրում կապված է լինելու երկարամյա ծառայության որակի հետ, կոնկրետ ծառայության հետ»:

Ինչ վերաբերում է պահեստազորին, Վիգեն Սարգսյանն ասաց՝ պահեստազորայինը պատրաստվելու է պատերազմական վիճակում կոնկրետ հաստիքը լրացնելու: Գնալով մեր սպառազինության տեսակներն էլ են փոխվում եւ շատ ավելի մեծ պատրաստվածություն է պահանջում:

Արտերկրից մասնագետների ներգրավման սուր կարիք, նախարարն ասաց, որ այս պահին չկա: Նոր զինատեսակների ծառայության դնելիս, կարող է առաջանալ կարճաժամկետ ուսուցման խնդիր, կարող են այդ ժամանակ հրավիրել մասնագետներ՝ դասընթացների, որ սովորեցնեն ու հեռանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031