Լրահոս
Օրվա լրահոսը

Սպան ամսական 60-70 հազար դրամ վճարելով՝ կարող է բնակարան ստանալ. Անվճար տան ցուցակները ՊՆ-ն հանում է

Հոկտեմբեր 11,2017 12:48

ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումները շարունակվում են: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ են իրենք առաջարկում նախագծով, «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրով:

Նա խոսեց բնակարանային ապահովման մասին, որը սոցիալական պաշտպանվածության տեսանկյունից լուրջ խնդիր է. «Սա մեզ համար հարցերի հարցն է: Մենք ունենք օրենքում որոշակի պարտավորություն, որ շատ վատ բնակարանային պայմաններ ունեցող սպան ծառայության իքս տարում կարող է հերթագրվել եւ երբեւէ ստանալ անվճար բնակարան: Ծրագիրը հետեւողական իրականացվել է եւ տարիների ընթացքում 1700 սպա անվճար բնակարան է ստացել, դա բավականին մեծ ֆինանսական բեռ է եղել: Բայց չեմ կարծում, որ դա լուծել է լուրջ խնդիր: Այդ կարգավորումները մեծ խնդիրներ են ստեղծել: Սպան արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը, որպեսզի ցույց տա, որ ինքը ունի բնակարանի կարիք: Արդյունքում՝ մենք ունենք հսկայական ցուցակ, 1700-ը ստացել են, երկու այդքան էլ հերթագրված են եւ հույսը կորցրած սպասում են, որ բնակարանով կապահովեն: Մենք այս կարգը առաջարկում ենք փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով»:

Նախարարը ծրագրի մանրամասները չասաց, նոյեմբերին նոր կասի, թե ինչ են առաջարկում այս մասով: Միայն մի փոքր բացեց փակագծերը. հիփոթեքային հարմար պայմաններ են ներկայացնելու, որ յուրաքանչյուր սպա մեկ անգամ կարողանա այդ ծրագրից օգտվել՝ անկախ իր բնակարանային պայմաններից, որ ստիպված չլինի ինչ-որ բան կեղծել: Սպան ծրագրում գրանցվելուց երեք տարի հետո բնակարան կարող է ստանալ՝ այդ բնակարանի համար մայր գումարը վճարելով 20 տարիների ընթացքում, ամսական 60-70 հազար դրամ վճարելով: Նա կարող է վարձով տալ այդ տունը եւ այդ 70 հազար դրամը վճարել ոչ թե գրպանից, այլ՝ վարձավճարից ստացված գումարով»:

Նախարարն ասաց, որ դեռ հաշվարկում են, սա դեռ վերջնական չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031